«Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը «Վեմ» ռադիոկայանում խոստովանեց. «Չգիտեմ Հայաստանում ինչպես, բայց Ռուսաստանում մշակութային աղետ է... Ամենազարգացած 20-րդ դարում առաջ է եկել «ողբ մշակույթի» հասկացությունը: Մեռնող մշակույթի վրա ենք ողբում»... Իսկ թե ինչպես է Հայաստանում, ապա այս մասին բազմիցս ասվել է մամուլում, եթերում եւ այլուր», վերջերս լույս տեսած «Հայ արվեստի» 11-րդ համարում գրում է Դանիել Երաժիշտը:
Դարեր շարունակ հայ ժողովուրդն առանց պետության կարողացել է կերտել, պահել իր մշակույթը, հավատը: Իսկ այսօր ունենք մի պետություն, որը վատնում, փոշիացնում է այդ ամենը: Դ. Երաժիշտը ներկայացնում է մշակույթի պաշտպանությանը նպաստող մոտավոր մի ծրագիր, ուր մասնավորապես առաջարկում է կրթական հաստատություններում մեծ տեղ տալ հայոց լեզվին, հայկական ժողովրդական եւ դասական երաժշտությանը, արգելել այդ հաստատություններում հայկական թե օտար անճաշակ երաժշտությունը: Մեծ տեղ տալ խմբերգային երաժշտությանը, որի միջոցով հասարակության մեջ կձեւավորվի հոգեւոր միասնականության մթնոլորտ (պետք է գոնե մի քանի երգ կարողանանք ազգովին երգել): Առաջարկում է վերականգնել օրորոցային երգերի ավանդույթը (ոչ ձայնագրված վիճակում) եւ այլն:
Այս տարի լրանում է հայոց գրերի գյուտի 1600-ամյակը, որը նշում ենք մեր դեմ նետված մարտահրավերներինՙ համահարթեցման, գլոբալացման գործընթացներին դեմ-հանդիման: «Երկար դարեր հայապահպանության գրավական հայոց գիրն աստիճանաբար կորցնում է իր ներգործության դաշտը, որը չափազանց մտահոգիչ է: Այսօր եթե ուզում ենք արժանին մատուցել Մաշտոցին, պետք է նրա ավանդի շարունակողը լինենք ոչ թե տառերը ֆետիշացնելով, այլ դրանցով գրել-կարդալով, գրում է հանդեսի խմբագիր Կարեն Մաթեւոսյանը: Սա ամենամեծ նվերը կլինի 1600-ամյակին: Աշխարհը ձեռքն առած համակարգիչն ու համացանց-ինտերնետն ինչու չդարձնենք հայեցի թեկուզ այն չափով, ինչքանով այն իրենց լեզվին են հարմարեցրել պատվախնդիր մյուս փոքր ազգերը: Խոսքը համապատասխան կոդավորում ունեցող հայերեն տառերի մասին է, որոնցով հնարավոր կլինի էլեկտրոնային փոստում հայերեն գրել»:
Նկատի ունենալով, որ մեզանում արվեստաբանությունը որոշ չափով հետ է մնացել արվեստի զարգացման ընթացքից, եւ այս տեսանկյունից կարեւոր է մասնագիտական պարբերականների գոյությունը, Հայաստանի ազգային պատկերասրահը հանձն է առել «Հայ արվեստ» մշակութային հանդեսի հրատարակությունը, որի մասին նշում է պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը: Հանդեսի այս համարն անդրադառնում է նաեւ ազգային պատկերասրահի ստեղծման պատմությանը, հարուստ հավաքածուներին: Այսպես, 1921 թ. հիմնադրված պատկերասրահը չորս տարի անց արդեն ուներ 400 ստեղծագործություններ, դրանց թվում նաեւ մոսկվաբնակ ճարտարապետ-ինժեներ Հակոբ Էքիզլերի (էքիզյան) հավաքածուն էր, որն ընդգրկում էր Այվազովսկու, Սուրենյանցի, Շչեդրինի, Շիշկինի, Պոլենովի եւ ուրիշների կտավները: Թանգարանին իրենց ստեղծագործություններն են նվիրաբերել նկարիչներ Մ. Սարյանը, Ե. Թադեւոսյանը, Փ. Թերլեմեզյանը, Վ. Գայֆեջյանը, Ա. Բենուան, Ե. Լանսերեն: Իսահակ Բրոդսկու շնորհիվ ռուսական արվեստի հավաքածուն հարստացել է 20-րդ դարի նկարիչներ Կ. Յուոնի, Բ. Գրիգորեւի, Բ. Անիսֆելդի, Խ. Մալյավինի գործերով: 1930-50-ական թթ. ռումինահայ արվեստաբան Գ. Զամբախչյանի նվիրատվությունը հարստացնում է թանգարանի ֆրանսիական գեղանկարչության հավաքածուն, դարձյալ ռումինահայ կոլեկցիոներ Վահան Բարաքյանը նվիրում է ռումին հայտնի նկարիչների գեղանկարչական եւ գրաֆիկական գործերից, փորագրանկարներ: Էդգար Շահինը Փարիզից Երեւան է ուղարկում իր 170 փորագրանկարները, դարձյալ Ֆրանսիայից Այվազովսկու երկրպագու Աբրահամ Ճինճյանն ուղարկում է Այվազովսկու 30 գեղանկար եւ 9 գծանկար:
1924 թ. Ալ. Թամանյանի եւ Մ. Սարյանի հորդորով Լենինգրադից Երեւան է տեղափոխվում արվեստաբան Ռուբեն Դրամբյանը, որի մասնագիտական ինտուիցիան եւ թանգարանային աշխատանքի փորձը նախորոշեցին պատկերասրահի հետագա ուղին: Ռ. Դրամբյանի հրավերով էլ Մոսկվայից Երեւան փոխադրվեց հին արվեստի գիտակ, արվեստաբան Լ. Դուռնովոն, որի ղեկավարությամբ թանգարանում սկսվեց միջնադարյան հայկական որմնանկարների եւ մանրանկարների գիտական ուսումնասիրությունը: Նրա մասին սիրով իր հուշերն է ներկայացնում Ֆլորա Գրիգորյանը:
Հանդեսում հետաքրքրական հոդվածներ կան նաեւ Խորեն Աբրահամյանի, նկարիչներ Աշոտ Խաչատրյանի, Վիլիկ Զաքարյանի, Ռուբեն Ադալյանի արվեստի, ինչպես նաեւ հայկական կանացիակերպ աղամանների, Հայաստանում հայտնաբերված հազվագյուտ գտածոներիՙ երկու քարե սրինգի, հայ եկեղեցական մշակույթում տեղ գտած «պիետայի» (ողբի) մասին: Վրեժ Քասունին անդրադարձել է համաշխարհային եւ հայ երգիծանկարչության պատմությանը. «Երբ նկարիչը խախտում է ազատության սահմանն ու բարոյական չափանիշը, երգիծանկարն այդ իսկ վայրկյանին դառնում է գռեհիկ, նույնիսկ աններելի ու վտանգավոր: Սակայն ճիշտ օգտագործելու պարագայում այն վերածվում է մարդկային բոլոր բացասական երեւույթների դեմ աշխույժ գործող զենքի: Ինչպես արեցին ֆրանսիացի նկարիչները հեղափոխության օրերին»: Իսկ հայ երգիծանկարչության ստվերում մնացած էջերին հեղինակը կանդրադառնա հանդեսի հաջորդ համարում:
Ի դեպ, այս համարից սկսած «Հայ արվեստը» տպագրվելու է նաեւ անգլերեն, Շվեյցարահայ միության հովանավորությամբ:
Ա. ԱԼԻԽԱՆՅԱՆ