Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում Եվրոմիության հանձնաժողովը փորձում է օժանդակել երիտասարդներին սպորտի եւ մշակույթի ասպարեզում: Ասվածի օրինակ էր նախօրեին Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական պատկերասրահում «Եվրոպա-Հայաստան» խորագրով բացված ցուցահանդեսը:
Երեխաներին առաջարկվել էր նկարել որեւէ նկար, որը թեմատիկ առումով առնչվում է Եվրոպային եւ Հայաստանին: «Մեկ ճյուղ, մեկ Եվրոպա», «Մենաստան Հունաստանում», «Սիրո քաղաք Փարիզը», «Հոլանդական բնանկար» եւ այլ նկարներ 5-15 տարեկան երեխաների ձեռքի աշխատանքներն են, որոնք թեպետ չեն տեսել Եվրոպան, բայց կարողացել էին պատկերել իրենց զգացողությունները: Ցուցահանդեսին մասնակցել էին 200 գեղանկարիչներ, որոնց նկարների որակը, Հայաստանում Եվրոմիության հանձնաժողովի նախագահ եւ դեսպան Թորբեն Հոլցի խոսքերով, բավական տպավորիչ է եւ ապացուցում է, որ նրանցից շատերը հանրահայտ կդառնան: Պրն Հոլցը նշեց, որ այս միջոցառումը Եվրոմիությունն առաջին անգամ է անցկացնում Հայաստանում, թեպետ դրա փորձն արդեն իրենք ունեին Վրաստանում:
«Շատ կարճ ժամանակում մեր երեխաները կարողացան հրաշք ստեղծել: Նրանք չեն եղել Եվրոպայում, բայց կարողացել են ստեղծել հրաշալի նկարներ: Դա նրանից է, որ մենք ունենք եվրոպական մտածելակերպ, բարձր քաղաքակրթություն», ասաց Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանը:
Հայաստանում Եվրոմիության հանձնաժողովը ցուցահանդեսին մասնակից երեխաների ուսուցիչներին տվեց վկայականներ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ