Երկու շնորհանդես համատեղ
Հայոց մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված Երեւանում անցկացվեցին ՀՀ ԳԱԱ գիտաժողով եւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում համաժողով: Այդ օրերին բոլոր մասնակիցներին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը գեղեցիկ անակնկալ էր պատրաստել: Պատրաստվել էր հուշալրակազմի փաթեթ, հուշամեդալ եւ «Կռունկ» երաժշտական ստեղծագործությունների ընտրանու ձայնասկավառակ: Հիմնադրամը փաթեթում ներառված նյութերի միջոցով նպատակ ունի արտերկրից ժամանած մեր հյուրերին ներկայացնել ոչ միայն 1915-23 թթ. Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությանը վերաբերող որոշակի տեղեկատվություն, այլեւ ներկայացնել ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի մի հատվածի վերածննդի խորհրդանիշ հանդիսացող մեր մշակույթը: Ինչպես նշում էին փաթեթը ստացողները, «հրաշալի հուշանվեր է այսօրվա Հայաստանից եւ հայ ժողովրդից...»:
Այսօր «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը, ինչպես նշեց գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը, ԱՕԿՍ-ի շենքում իրականացնում է երկու շնորհանդես: Առաջինը «Կռունկ» ձայնասկավառակն է, որտեղ ընդգրկվել են աշխարհում մեծ համբավ ունեցող 12 հայ հեղինակների ստեղծագործությունների լավագույն կատարումները հայտնի նվագախմբերի, դիրիժորների եւ անհատ արվեստագետների կատարմամբ: Երաժշտական ընտրանու գեղարվեստական ղեկավարն է Արմեն Մանուկյանը, ձեւավորող նկարիչըՙ Սամվել Փարթամյանը: Ձայնասկավառակը ձայնագրվել է «ԱՐ ռադիո միջմայրցամաքային ՍՊԸ» ստուդիայում եւ որպես հայ ժողովրդի խորհրդանիշ անվանվել է «Կռունկ»: Շնորհանդեսին հրավիրված են նաեւ 12 հայ հեղինակները:
Հաջորդ շնորհանդեսը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ինտերնետային կայքի բացումն է, որտեղ կտեղադրվի անդրանիկ հաղորդագրությունը: Այդ կարեւոր հաղորդագրությամբՙ «Կոչով», որին կմիանան շնորհանդեսին հրավիրված արվեստագետները, մեկ անգամ եւս հավաստիացնում ենք, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը միայն հայերինը չէ, դա բոլոր ժողովուրդների եւ մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է, որպես կարեւորագույն նախապայման XXI դարում նմանօրինակ ոճրագործությունների եւ ահաբեկչությունների կանխարգելման համար», ասաց տկն Պողոսյանը եւ նշեց, որ www.mekarg.am ինտերնետային հասցեով կարող եք միանալ կոչին, մեր բողոքի ձայնը բարձրացնելով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ