«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի հաղորդմամբ, այս տարի փառատոնը կանցկացվի հուլիսի 12-17-ը: Առ այսօր մասնակցության հայտ են ներկայացրել 45 երկրների կինոգործիչներ:
Ժյուրիի նախագահը կլինի 2004 թվականի գլխավոր մրցանակակիր Ատոմ Էգոյանը, անդամներըՙ Կլոդ Միլլերը, Կլաուս Էդերը, Յոս Ստելլինգը, Սայմոն Ֆիլդը, Պիտեր Վին-Տոնիկը եւ ճանաչված այլ արվեստագետներ: Պատվավոր հյուրերի թվում են Քշիշտով Զանուսին, Աբբաս Քիառոստամին, Նիկիտա Միխալկովը եւ ուրիշներ:
Փառատոնի օրերին կկայանա «Կինոարվեստը որպես երկխոսության միջոց» միջազգային սեմինարը, կինոարվեստի վարպետները կանցկացնեն վարպետության դասեր, ֆիլմերի բեմադրիչների մասնակցությամբ տեղի կունենան ֆիլմերի քննարկումներ, հատուկ կինոցուցադրություններ եւ այլ միջոցառումներ:
Փառատոնի հիմնադիրներն ենՙ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը, արտգործնախարարությունը, «Հայֆիլմ» կինոստուդիան, Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիան, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը:
«Ոսկե ծիրան» առաջին կինոփառատոնին անցած տարի մասնակցեցին 70-ից ավելի արտասահմանյան կինոգործիչներ, ցուցադրվեցին 150 ֆիլմերՙ 20 երկրներից:
Ռ. Պ.