«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#86, 2005-05-13 | #87, 2005-05-14 | #88, 2005-05-17


ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿԱՇԱՌՔԻ ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՉԱՓԸ 100 ԴՈԼԱՐՆ Է

«Կոռուպցիայի ընկալումը եւ ռիսկերը բարձրագույն ուսումնական հաստատություններում» հետազոտության արդյունքներով Հայաստանում ամենից շատ կոռումպացված է կրթության համակարգը: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը թերահավատորեն է նայում Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի անցկացրած հարցմանը: «Կոռուպցիոն առումով կրթական համակարգը վերջից է առաջին տեղում: Թե ի՞նչ ուսումնասիրություն է կատարել ՄԱԿ-ը, ինչ մեթոդներով եւ ինչ գործիքներով, փառք Աստծո, գոնե այդ գործիքներին ես տիրապետում եմ: Ես խնդրել եմ այդ գործիքները ներկայացնել, մարդիկ չեն ներկայացնում: Ես, իհարկե, չեմ բացառում, որ կան խնդիրներ նաեւ մեր համակարգում, բայց ծիծաղելի է, առնվազն զավեշտ է, երբ համակարգը համարվում է ամենակոռումպացվածը»: Սոցիոլոգիական այդ հետազոտությունն իրականացվել է Միավորված ազգերի զարգացման ծրագրի, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության եւ ՀՀ կառավարության աջակցությամբ:

Երեւանի 12 բուհերի առաջինից չորրորդ կուրսերի 490 ուսանողների 14,6 տոկոսն ամենից կոռումպացվածը համարել է կրթության համակարգը, 13,1 տոկոսըՙ հարկայինը, 12,4 տոկոսըՙ արդարադատությունը, 12,4-ըՙ ոստիկանությունը: Իսկ ամենից քիչ կոռումպացված են եկեղեցին, սպորտն ու մշակույթը, միջազգային կազմակերպությունները եւ բնապահպանության ոլորտը: Ուսանողների 63,8 տոկոսը գտնում է, որ անցած 5 տարիներին կրթության ոլորտում կոռուպցիոն վարքագիծ ունեցող անձանց թիվն ավելացել է, իսկ 23, 7 տոկոսը կարծում էՙ նույնն է մնացել: Առավել կոռումպացված բուհերն ենՙ Երեւանի պետական համալսարանը (15,3 տոկոս), գյուղատնտեսական ակադեմիան (15,1) եւ Երեւանի բժշկական համալսարանը (14):

Հետաքրքրական են կաշառքի չափերի վերաբերյալ պատասխանները. 73, 6 տոկոսի վերջին տվյալներով ամենատարածվածը մինչեւ 100 դոլարն է, իսկ 100-300 դոլար կաշառքը երկրորդ տեղում էՙ 17,7 տոկոս, 300 եւ ավելիՙ 7,2 տոկոս, 1000 եւ ավելիՙ 1,5 տոկոս: Ինչպես ենթադրելի է, ուսանողները կոռուպցիայի «ծաղկման» շրջաններն են համարել ընդունելության եւ ավարտական քննությունները, որի ժամանակ մեծ դեր է խաղում բարեկամ-ծանոթ կապը (42,1 տոկոս): Ուշագրավ է, որ որպես միջնորդ դասախոսները հայտնվել են երկրորդ տեղում (31,2 տոկոս):

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարման մասնագետ Վահան Ասատրյանը միանգամայն բնական է համարում, որ այս հարցման արդյունքներով կրթական համակարգը ամենակոռումպացվածն է, որովհետեւ հարցմանը մասնակցել են ուսանողները. «Յուրաքանչյուր ոլորտում ընդգրկված անձը առաջին հերթին գերագնահատում է տվյալ ոլորտում առկա խնդիրները: Բնական է, որ ուսանողի համար կոռուպցիան ամենից շատ կրթական համակարգում է, տնտեսվարող սուբյեկտի համար կլինի հարկային եւ մաքսային համակարգը, դատական համակարգի հետ շփվող քաղաքացիների համար այդ ոլորտը եւ այլն», ասաց նա:

Հետազոտության նկատմամբ կրթության եւ գիտության նախարարի ոչ դրական վերաբերմունքի առնչությամբ նա նշեց, որ նախարարության հետ հարցման արդյունքները դեռ չեն քննարկել զուտ ժամանակի սղության պատճառով: «Մենք համագործակցում ենք կրթության նախարարության հետ, վերջինս մեզ աջակցել է մշտապես եւ որեւէ խնդիր առ այսօր չենք ունեցել: Պարզապես այս հարցը զգայուն է եւ քաղաքականացված ամեն մի ոլորտի համար: Առաջիկայում հետազոտության արդյունքները կներկայացվեն հանրությանը, տեղի կունենա քննարկում կրթության նախարարության մասնակցությամբ, այնպես որ ստեղծված թյուրիմացությունը ժամանակի ընթացքում կհարթվի», իր խոսքն ամփոփեց Վահան Ասատրյանը:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4