Հնարավո՞ր է բարեփոխել Երեւանի վերգետնյա տրանսպորտը
Անցած տարի մայրաքաղաքում երկար տարիների ընդմիջումից հետո վերջապես կատարվել են ինչպես ուղեւորահոսքերի, այնպես էլ փողոցների թողունակության ուսումնասիրություններ: Դրանց հիման վրա արդեն ստեղծվել է Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծ: Մշակման աշխատանքներին մասնակցել են պետավտոտեսչությունը, «Երեւաննախագիծ» ինստիտուտը, «Երավտոտրանս» ՓԲԸ-ն:
Երթուղային նոր ցանցի նախագիծն արդեն մեկ շաբաթ ներդրվել է մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտում: Այս մասին երեկ հայտարարեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը: Առկա ցանցի համեմատ, այնուամենայնիվ, այն կտրուկ փոփոխություններ չի առաջարկում գոնե առայժմ: Պարզապես տեղ-տեղ երթուղիների կրճատման կամ երկարացման միջոցով ուղեւորակուտակման բուռն օջախներում բեռնաթափումների փորձ է արվել:
46 ավտոբուսային, 125 միկրոավտոբուսային եւ 7 տրոլեյբուսային երթուղիներ կլրացնեն Երեւանի չարչրկված փոխադրումների ցանցը: Հաշվարկվել է, որ համապատասխանաբար անհրաժեշտ կլինեն 600 ավտոբուսներ (400-ը` մշտապես ընթացքի մեջ), 3636 միկրոավտոբուս, եւ 76 տրոլեյբուսներ (այժմ մայրաքաղաքում կա 50 տրոլեյբուս): Փոփոխություններ նախատեսվում են եւ մասամբ արդեն կատարվել են 12 ավտոբուսային եւ 43 միկրոավտոբուսային երթուղիներում: Ներկայում Երեւանի ուղեւորափոխադրումների ընդամենը 7,4 տոկոսն են իրականացնում ավտոբուսները (ներկրումների ավարտից հետո ակնկալվում է գոնե 35 տոկոսին հասցնել այդ սահմանը), 80-90 տոկոսով այն միկրոավտոբուսների մենաշնորհն է:
«Ազգի» հարցադրմանը, թե այսօր ճնշումներ զգացվո՞ւմ են գծի տերերի կողմից, որոնց բնականորեն պիտի անհանգստացնի իրենց երթուղի մտած անցանկալի փոխադրամիջոցը եւ հեռանկարում նաեւ` դրա տիրապետությունը, եւ արդյոք նախատեսվո՞ւմ են դրանց թվի ու երթուղիների կրճատումներ, Տիգրան Ղազարյանը պատասխանեց, որ առայժմ ոչ մի երթուղում ոչ մի միկրոավտոբուսի կրճատման անհրաժեշտություն չի ծագել, նույնիսկ հնացած շարժակազմը լիովին շահագործվում է: Եվ գծի տերերից եւս առայժմ ոչ մի հակազդեցություն կամ ճնշում չի արձանագրվել:
Մրցույթի կարգը փոխվել է
Հուլիսի 21-ին կսկսվեն տրանսպորտային բիզնեսի հավակնորդների մրցույթները վերգետնյա երթուղիների համար:
Տնտեսվարողը պիտի կարողանա հաղթահարել առավել խստացված մրցութակարգը: Այս տարի կառավարությունը մոտ 30 կետերով փոփոխություններ է ներմուծել մրցութային կարգի մեջ: Մրցույթին կարող են մասնակցել միայն այն տնտեսվարողները, որոնց ներկայացրած շարժակազմի 60 տոկոսը իրենց սեփականությունը կլինի: Պարտադիր պայման է լինելու նաեւ համապատասխան արտադրական բազայի եւ համապատասխան դիպլոմներով ու որակավորմամբ մասնագետների առկայությունը: Նոր կարգով հաստատագրված վճարները վարորդներից գանձվելու են ոչ թե ըստ իրականացրած երթերի, այլ յուրաքանչյուր երթուղու համար հաստատված առանձին հաստատագրված վճարով:
Ինչ վերաբերում է փոխադրավարձի հավանական թանկացմանը, ապա դա մրցույթում հաղթած տնտեսվարողներից է կախված լինելու, շուկայի պայմաններին ու պարտադրանքին համապատասխան:
Կանգառները տրանսպորտային գլխավոր խոց
Երեւանի 953 կանգառներից 250-ը կահավորված չեն այնպես (կամ կահավորանքը բոլորովին բացակայում է), ինչպես պատշաճում է մեծ քաղաքին: Բայց Երեւանի համար դա չէ սարսափելին: Հատկապես քաղաքի կենտրոնական կանգառներում խառնաշփոթն ու քաոսը սովորական են, իսկ պիկ ժամերին Երեւանը անտանելի է դառնում: Առայժմ կանգառների կոսմետիկ հարդարումների նախագծեր են մշակվում` սրահներով ու կանգառանշաններով:
Ավտոբուսների ներկրման ոդիսականն ավելի զգայացունց է: Չնայած պաշտոնատարներն անընդհատ խոստանում են, որ ահա-ահա Երեւան են հասնելու տասնյակ մեքենաներ, չնայած այս խնդիրն առավելագույն կարեւորություն ունի ամեն օր տրանսպորտի հետ կապ ունեցող երեւանցու համար, այնուամենայնիվ, մեր իշխանությունները մշտապես ականջի հետեւ են գցում այն:
Հունվարից այս կողմ Երեւան են ներկրվել «Ռենո 2» ընդամենը 14 մեծ տեղատարողությամբ ավտոբուսներ, իսկ մայիսի 2-ինՙ «Բոգդան» մակնիշի 50 նոր ավտոբուսներ (խոստացված 100-ի փոխարեն): Հաջորդ ամիս դրանք տեղ կգրավեն մայրաքաղաքի 7 երթուղիներում:
Վերջին տասնամյակում Նորք-Մարաշ թաղամասի բնակիչները տրանսպորտային վատ սպասարկումից ամենից շատ տուժածների թվում են: Երեկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ասաց, որ նոր երթուղային ցանցով թիվ 37 միկրոավտոբուսային երթուղին երկարացվել է մինչեւ հեռուստաստուդիա, եւս 2 լրացուցիչ երթուղիներ` Մարաշից քաղաքի կենտրոնով մինչեւ կենտրոնական ավտոկայան, մյուսը` նույն ուղեգծով մինչեւ Դավիթաշենի կամուրջ: Ավտոբուսային նոր ներարկումներից, ըստ Տիգրան Ղազարյանի, Նորք-Մարաշին էլ բաժին կհասնի:
Տրանսպորտի վարչության պետը շարունակում է հավատացնել, թե մեր քաղաքում տրանսպորտի վիճակն այնքան էլ հուսահատական չէ, մինչդեռ ուղեւորներս ամեն օր շարունակում ենք ապրել ժամը 21-ից հետո միկրոավտոբուսների թվի կտրուկ կրճատումների, 200 դրամով հայտնվող երթուղայինների, կանգառներում ոչ միայն ուղեւորների, այլեւ խելքից դուրս մեքենաների կայանումների բոլոր անհարմարությունները:
Ոչ ոք չգիտիՙ ովքեր են տերերը
Մեր տրանսպորտային իրավասուները (մինչեւ նախարար) մի քանի անգամ հայտարարել են, որ տաքսիներով ուղեւորափոխադրումների ոլորտը դուրս է վերահսկողությունից: «Ցավոք, չգիտենք, թե ովքեր են կանոնակարգում դրանց աշխատանքները, Երեւանի եւ հանրապետական պետավտոտեսչությունից ես նույնիսկ գրություններ եմ ստացել, որ անգամ իրենք չգիտեն, թե Երեւանում քանի տաքսի է աշխատում եւ ովքեր են տերերը», խոստովանեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը:
Այս հարցը վերջերս քննարկվել է նաեւ կառավարությունում, եւ ԱԺ ներկայացվելուց հետո սպասվում է, որ օրենքներում խստացումներ կլինեն: Իսկ մինչ այդ անորոշ ժամանակը այս ոլորտում ապօրինության ու ստվերից խուսափելու խրախճանքը կշարունակվի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ