«Ազգ» թերթի մայիսի 13-ի համարում տպագրվել էր Գեղամ Քյուրումյանի «Դրամի դրամա. ինչո՞ւ եւ ինչպե՞ս» հոդվածը, ուր հեղինակը, խիստ ստեղծագործական հաշվարկների (օրինակ, բանկերի կողմից Կենտրոնական բանկում անկանխիկ թղթակցային հաշվին պահվող գումարները չգիտես ինչու համարվել են կանխիկ եւ հանվել ընդհանուր կանխիկ դրամի քանակից) դիմելով, եկել է այն զգայացունց եզրակացության, որ դրամի քանակը խիստ անբավարար է ՀՀ տնտեսությունն սպասարկելու համար: Տվյալ պարագայում ցավալին ոչ այնքան այն է, որ տրված են ՀՆԱ-ի խիստ ուռճացված (չորսից հինգ անգամ) մակարդակ եւ կանխիկ դրամի խիստ նվազեցված (երկուսուկես անգամ) գնահատական, այլ այն, որ տվյալ հարցապնդումն ինքնին սխալ է (պետք է հաշվի առնել ոչ միայն կանխիկ դրամի քանակը) եւ չի կարող բերել ճշմարիտ եզրակացության:
Ցավալի է նաեւ, որ նման հարցապնդում բարձրացվում է առանց որեւէ հղում անելու այդ հարցերը մանրամասն քննարկող ԿԲ հրապարակումներին (տնտեսության դրամայնացման կամ մոնետիզացիայի գործակիցը քննարկվում է ամեն տարի ՀՀ ԿԲ տարեկան հաշվետվությունում, ընդ որում համադրելով այն անցումային երկրների համանման ցուցանիշների հետ) եւ այլ աղբյուրների:
ՀՀ Կենտրոնական բանկը հույս է հայտնում, որ այսուհետեւ մամուլում նման «դրամատիկ» վերնագրերը գոնե ինչ-որ չափով սատարված կլինեն առավել պրագմատիկ եւ մասնագիտական վերլուծությամբ:
ՀՀ ԿԲ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ