ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բջջային կապի երկու օպերատորներ «Արմենտել» եւ «Ղ-Տելեկոմ» ընկերությունները ստորագրել են իրենց ցանցերի լծորդման վերաբերյալ պայմանագիրը: Այս մասին հայտնեցին «Արմենտել»-ի հասարակության հետ կապերի վարչությունից:
«Վերջին մի քանի ամիսներին ընթացող ինտենսիվ բանակցություններից հետո այսօր` մայիսի 16-ին, «Արմենտել»-ի եւ «Ղ-Տելեկոմ»-ի միջեւ ստորագրվեց համակցման պայմանագիրը, որը երկու կողմերի մասնագետների բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է: Վերոհիշյալ պայմանագրում երկու կողմերի շահերը ներկայացված են հավասարակշռված ձեւով, որը կնպաստի առողջ մրցակցությանը` ի շահ սպառողների», նշվում է «Արմենտել»-ի հաղորդագրությունում:
Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, պայմանագրի ստորագրումից հետո «Ղ-Տելեկոմը», որն արդեն իսկ տեղադրել է անհրաժեշտ սարքավորումները, սեպտեմբերին կսկսի իր ծառայությունների մատուցումը: Նախարարը նշեց, որ մինչեւ տարեվերջ ընկերությունը կբավարարի բջջային կապի պահանջարկը Երեւանում, իսկ հաջորդ տարվանից կսկսի մարզերի սպասարկումը: Թեեւ «Ղ-Տելեկոմ»-ը նախապես խոստացել էր բջջային կապի ծառայությունների մատուցումը սկսել մայիսի վերջից, սակայն այդ ժամկետը տեղափոխվեց սեպտեմբեր` լծորդման պայմանագրի ստորագրումը ձգձգվելու պատճառով: