«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2005-05-14 | #88, 2005-05-17 | #89, 2005-05-18


ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐՈՀ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Վարշավայում Էրդողանը Երեւանին հորդորեց «նայել առաջ, այլ ոչ թե արխիվները»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Վարշավա

Թուրքիայի վարչապետը Եվրոխորհրդի գագաթաժողովի իր երեկվա ելույթն ամբողջությամբ նվիրեց, իր խոսքերովՙ «այսպես կոչված ցեղասպանությանը»: Ռեջեփ Թայիփ Էրդողանին ակնհայտորեն մտահոգել ու զայրացրել էր Հայաստանի նախագահիՙ նախօրեին հնչած ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր 1915 թ. Հայոց ցեղասպանությանը:

«Պետք է նայել առաջ, այլ ոչ թե արխիվները», լարված շարժումով խոսում էր Էրդողանը: «Այսպես կոչված ցեղասպանությունը վերաբերում է Օսմանյան կայսրության ժամանակներին», ասաց Թուրքիայի վարչապետը: Չնայած ընդամենը մեկ նախադասություն առաջ Էրդողանը Երեւանին եւ ցեղասպանությունը դատապարտող աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններին հորդորել էր «նայել առաջ, այլ ոչ թե արխիվները», պնդեց, որ Թուրքիայի արխիվները բաց են:

«Եկեք ուշադրություն դարձնենք փաստերին: Թուրքիայի արխիվները բաց են, ռազմական արխիվներն էլ են բաց: Հայաստանին էլ հորդորում ենք բացել իր արխիվները», ասաց Էրդողանըՙ մտահոգություն հայտնելով, որ լոբբիինգի հետեւանքով տարբեր երկրների խորհրդարաններ տեղի են տալիս:

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Եվրոպական արժեքների հանդեպ հավատով է պայմանավորված Օսմանյան Թուրքիայում 1915 թ. հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման մեր ջանքերը: Այս տարի մենք նշում ենք այդ ողբերգական դեպքերի 90-րդ տարելիցը եւ երախտապարտ ենք մեզ աջակցած պետություններին»:

Էրդողանն իր ելույթում նաեւ ասաց, որ միացյալ Եվրոպան պետք է լինի առանց բաժանարար գծերի: Հիշեցնենք, որ Եվրոպայի բաժանարար գծերից մեկն անցնում է հայ-թուրքական սահմանի երկայնքով, հենց Թուրքիան է փակել սահմանը, շրջափակման ենթարկել Եվրոպային մաս կազմող իր արեւելյան հարեւանին, ինչն ագրեսիայի մի ձեւ է:

«Մենք հանդիպելու պլաններ չունեինք»

Թուրքիայի վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ Վարշավայում հանդիպելու պլաններ չեն եղել: Փաստորեն, Էրդողանը հաստատել է հայկական կողմի ավելի վաղ արած պնդումները, որ Եվրոխորհրդի գագաթաժողովի շրջանակներում հայ-թուրքական բարձր մակարդակի բանակցություններ նախատեսված չեն:

Էրդողանը Վարշավայում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո, ի տարբերություն թուրք բարձրաստիճան պաշտոնյաների, ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի հանդեպ կոշտ հայտարարություն չի արել: Նա միայն ասել է, որ Թուրքիան ցանկանում է այդ հակամարտությունը որքան հնարավոր է շուտ կարգավորված տեսնել:

Մամեդյարովի ելույթը

Գագաթաժողովի աշխատանքներին երեկ նախատեսված էր Իլհամ Ալիեւի երկրորդ ելույթը: Ադրբեջանի նախագահի փոխարեն նույն բաների մասին խոսեց արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, քանի որ նախագահը երկկողմ հանդիպումներ էր անցկացնում: Ի տարբերություն Ալիեւի, Մամեդյարովն իր որակումներում փոքր-ինչ զուսպ էր: Նա եվրոպական միասնությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին անհարիր համարեց ուժ գործադրելով տարածքների զավթման եւ էթնիկ զտումների քաղաքականությունը:

Մամեդյարովը հույս հայտնեց, որ միացյալ Եվրոպայում հնարավոր է ադրբեջանցիների եւ հայերի խաղաղ համակցությունն «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանում»:

Գագաթաժողովն առանց Շիրակի, Պուտինի, Բլերի եւ Բեռլուսկոնիի

Եվրոպայի «ծանրքաշային» պետությունների ղեկավարներից վարշավյան գագաթաժողովին մասնակցում էր միայն Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Տարբեր պատճառներով ԵԽ գագաթաժողովին չէին մասնակցում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի առաջնորդները: Այս եւ գագաթաժողովի այլ ուշագրավ մանրամասների մասին կպատմենք մեր վաղվա թղթակցությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4