«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2005-05-14 | #88, 2005-05-17 | #89, 2005-05-18


Ի՞ՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Մաս երկրորդ. Ի՞նչ կասեն մեր զավակները

Սույն հոդվածը երկրորդն է Հայաստանի վտանգված անտառների առանցքային խնդիրների հնարավոր լուծումներ պարունակող անտառային նոր օրենսգրքի նախագծի լուսաբանմանը նվիրված եռահոդված շարքի: Առաջինը տպագրվել է մայիսի 12-ին:

«Մենք ժառանգել ենք բնությունը մեր նախնիներից պահպանելու եւ մեր ապագա սերունդներին փոխանցելու համար»:

Հայկական ասացվածք

Արդյոք այսպե՞ս է վերաբերվում Հայաստանը իր վտանգված անտառներին:

Երբ մի անօրեն գործարար հատում է 80-100 տարեկան ծառեր եւ հանգիստ դիտում, թե ինչպես է ամայացած բլրալանջը էրոզացվում ու վերածվում լերկ ժայռի, ինչը ներկայումս առկա է Հայաստանի շատ վայրերում, դա բխո՞ւմ է իր թոռների կամ հենց իր զավակների շահերից: Դժվար թե:

Սույն հոդվածը համառոտ կներկայացնի անտառային նոր օրենսգրքի նախագծում ներկայացվող երկու հիմնական հարցերՙ անտառի կայուն կառավարումն ու փայտանյութի արտահանումը:

Անտառի կառավարում. պաշտպանելով ապագան

Հայաստանի անտառները տառապում են... կարճատեսությունից: Սրանով չենք դատապարտում այն մարդկանց, ովքեր ծառ են կտրում ձմռանը իրենց ընտանիքը սառչելուց փրկելու համար. անհրաժեշտության դեպքում մեզանից յուրաքանչյուրը կդիմեր այդ քայլին: Սակայն մյուսները, ովքեր ծառեր են հատում փայտի վաճառքից եկամուտ ստանալու նպատակով, կարծես տեսնում են միայն իրենց կարճաժամկետ շահըՙ իրենց եկամուտը վաստակելով ուրիշների եւ իրենց իսկ երկարաժամկետ շահերի հաշվին: Այսպիսով, ինչպես ասացվածքն է պնդում, մենք «չենք կարողանում տեսնել անտառը ծառերի պատճառով»: Մի քանի հարուստներ ջանք չեն խնայում անտառների հաշվին իրենց գրպանները լցնելու, մինչդեռ այդ ամենն արվում է անտառների, կենսաբազմազանության, ֆաունայի եւ հենց հայ ժողովրդի առողջության հաշվին, եւ որը, ներկայիս մոտեցման դեպքում, դեռեւս երկար կշարունակվի:

Մինչդեռ Հայաստանը պետք է անհապաղ անցնի անտառի կայուն կառավարման, ինչպես նաեւ լայնածավալ վերականգնման միջոցառումներ ձեռնարկի անտառների ոչնչացման ալիքը կանխելու համար: Շահագրգիռ կազմակերպությունները հուսով են, որ անտառային նոր օրենսգրքի նախագծի պատշաճ կիրարկման դեպքում, որի համար անհրաժեշտ է ե՛ւ իշխանությունների, ե՛ւ հասարակ քաղաքացիների կամքը, այդ ալիքը կկանխվի:

Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ունենալ արտադրական նշանակության անտառներՙ հատել ծառերը շինարարության եւ կահույքի արտադրության նպատակով եւ միաժամանակ վերականգնել իր անտառածածկույթը: Միանշանակ պատասխան դեռեւս անհնար է տալ, սակայն առկա է այլ երկրների փորձը, որտեղ արդյունավետորեն համատեղվում են անտառների օգտագործումն ու պահպանումը: Սրա համար անհրաժեշտ է պատշաճ կառավարում, որը Հայաստանում չի իրականացվել խորհրդային տարիներից ի վեր: Մինչդեռ կարելի է տեղորոշել եւ թույլ տալ վերահսկելի եւ բնապահպանորեն արդարացված հատումներ անտառների գերհասուն մասերում, միեւնույն ժամանակ արգելելով հատումները զառիթափ լանջերին (էրոզիայի ենթակա, որտեղ անտառը հույժ կարեւոր պաշտպանիչ դեր ունի) կամ կենսաբազմազանության պահպանման կենսական տարածքներում:

Թույլատրելի հատումներին զուգահեռ գերակա նպատակ պետք է սահմանվի լայնածավալ անտառատնկումըՙ նպատակ ունենալով վերականգնել արդեն մեկ տասնամյակ շարունակվող անտառների սխալ շահագործումն ու կառավարումը, ոլորտը կարգավորող մարմինների շրջանում առկա կոռուպցիան եւ կարիքով պայմանավորված հատումները: Թիրախային պետք է լինեն տնկարանների հիմնումը, բարձրորակ ծառերի վերարտադրությունն ու տնկումներին հաջորդող խնամքի գործողությունները, ինչպես նաեւ էրոզացված հողատարածքների վերականգնումն ու դրանցՙ անապատային հողերի շարքն անցնելու վտանգի կանխարգելումը:

Արտահանե՞նք մեր թանկարժեք անտառները

Անտառային ոլորտում կարճատեսության եւ ագահության մեկ այլ օրինակ է առողջ եւ արժեքավոր ծառերի մեծածավալ արտահանումը: Խորհրդային ժամանակներում Հայաստանի անտառները ունեին «պաշտպանական» կարգավիճակ, եւ արտադրական հատումներ ներքին կարիքների, էլ չասած արտաքին կարիքների համար, գոյություն չունեին: Այժմ ամեն ինչ փոխվել է. ներկայումս ոչ միայն գերհատումներ են իրականացնում անտառներումՙ ներքին շուկան բավարարելու եւ արտահանման նպատակով կահույք պատրաստելու համար, այլեւ մի քանի հարուստ գործարարներ օգտվելով օրենքների կոռումպացված եւ թույլ կիրարկման մեխանիզմներից, լցնում են իրենց գրպաններըՙ հատելով Հայաստանի ամենաարժեքավոր ծառատեսակներն ու դրանք որպես հումք արտահանելով Իրան, Իսպանիա, Իտալիա, Գերմանիա եւ անգամ Թուրքիա:

Տնտեսական ճգնաժամի եւ այլընտրանքային էներգիայի մատչելի աղբյուրների բացակայության դեպքում թերեւս կարելի կլիներ ընդունել ներքին կարիքների համար անտառների ռացիոնալ հատումը, սակայն դա անթույլատրելի է, երբ այդ եկամուտը գնում է ոչ թե ազգային բյուջե, այլ մի քանի անձանց գրպանը: Այս մարդիկ իրականում գողանում են մեր սերունդների սեփականությունը:

Դժբախտաբար, բացի կոռուպցիայից եւ ագահությունից, առկա է նաեւ այս մոտեցումը խրախուսող քաղաքականություն. սահմանված են հարկային ու մաքսային վճարներ, որոնք դժվարացնում են փայտանյութի ներմուծումը: Իսկ փայտանյութի արտահանման համար սահմանված չեն մաքսային կամ հարկային վճարներ: Սա, իհարկե, օժանդակում է մեր անտառների արտահանմանը: Խնդիրը լուծելու համար նոր օրենսգրքի նախագիծը ենթադրում է հակառակ պատկերՙ բարձր վճարներ արտահանման եւ ցածր վճարներ ներկրման համար: Շահագրգիռ կազմակերպություններից «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի հիմնական նպատակներից մեկն է ապահովել նման դրույթի առկայությունը հարկային եւ մաքսային դաշտը կարգավորող համապատասխան օրենսդրական ակտերում:

Այս համատեքստում եթե ընդունենք, որ Հայաստանն ունի արտահանման համար բավարար անտառային պաշար, ապա անհրաժեշտ է ունենալ պատշաճ կերպով «հաշվառված» անտառ: Այս դեպքում գոնե պատկան մարմինները կկարողանան վերահսկել, որ տվյալ անտառում արտահանման նպատակով հատումները պատշաճորեն կատարվեն: Այս պարագայում հնարավոր կլինի ոչ միայն պահպանել մեր անտառները, այլեւ արտերկրի շուկաներում թելադրել Հայաստանի փայտանյութի ավելի բարձր գներ:

Մեկ այլ տարբերակ է անտառը համարել մեր երեխաների ու թոռների սեփականություն: Անտառները մեր էկոհամակարգի անկյունաքարերն են եւ պաշտպանում են խոցելի կենսաբազմազանությունն ու կենդանական աշխարհը, ինչպես նաեւ մեղմում են միկրոկլիման, պաշտպանում հողը եւ մաքրում օդը: Հետեւաբար մեր մտքերը, զգացմունքները, եւ որ ամենակարեւորն էՙ քայլերը, պետք է ուղղված լինեն կայուն ապագա ապահովելուն: Որքան էլ խրթին լինի անտառների ոչնչացումը կանխելը, էլ ավելի դժվար է լինելու ոչնչացվածը վերականգնելը:

Հայաստանը պետք է անհապաղ իրականացնի անտառների արդյունավետ կառավարման եւ վերականգնման միջոցառումներ: Մենք չպետք է արտահանենք մեր փոքրաքանակ, արժեքավոր անտառանյութը այն երկրներ, որոնք շատ ավելի հարուստ են անտառներով, իսկ անհնարինության դեպքում գոնե պետք է կիրառվեն փայտանյութի ներկրումը խրախուսող եւ արտահանումն արգելակող միջոցներ: Այս միջոցները պետք է ընդունվեն Ազգային ժողովում եւ կիրարկվեն օրենքով, միաժամանակ պահանջելով հայ հասարակության բոլոր շերտերի աջակցությունը: Այս խնդիրը լուծելու պատասխանատվությունը պետք է կրի յուրաքանչյուր ոքՙ ՀՀ նախագահից եւ մարզպետներից մինչեւ համայնքապետներն ու շարքային քաղաքացիները:

Անտառային նոր օրենսգրքի նախագծի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմեք «Հայաստանի անտառներ» ՀԿ-ին հետեւյալ հասցեովՙ info@ArmenianForests.am

ՋԵՖՐԻ ԹՈՒՖԵՆԿՅԱՆ

Ջեֆրի Թուֆենկյանը «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի համահիմնադիրն ու նախագահն է: «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նպատակն է պահպանել եւ վերականգնել Հայաստանի անտառները ներկա եւ ապագա սերունդների համար (տե՛ս www.ArmenianForests.am ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4