Ռուս գործարարները մեր տնտեսությունը ռիսկային են համարում
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Երեկ ԱԺ-ում գումարվեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը: Այն կանոնավոր գումարվում է տարին 2 անգամ` Մոսկվայում եւ Երեւանում հաջորդաբար: Նախորդ նիստը կայացել է դեկտեմբերին Մոսկվայում: Երեկվա հանդիպման ժամանակ քննարկվել են այնտեղ նախանշված խնդիրները, մասնավորապես պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների ու ինստիտուտների ճակատագրի եւ Ռուսաստանի հարավային շրջանների հետ գործարար համագործակցության մասին: Բացի պառլամենտականներից, նիստին մասնակցում էին նաեւ ռուս գործարարներ: Նիստի ավարտից հետո ռուսական կողմից հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Ռիժկովն ու Վահան Հովհաննիսյանը մամուլի ասուլիս տվեցին:
Նրանց գնահատականով, օրակարգի այդ 2 խնդիրների շուրջը բավական կոշտ քննարկումներ են ընթացել, որ վկայում է պրոբլեմի լրջության մասին:
«Խնդիրն ավելի շատ քաղաքական, քան տնտեսական բնույթ է ստանում: Մեզ մեղադրում են, որ ձեռնարկությունները վերցրել ենք եւ անտեր թողել, բայց մենք չենք ուզում, որ տպավորությունն այդպիսին լինի», ասաց Ռիժկովը:
Այդուհանդերձ, 9-րդ նիստի քննարկած գլխավոր նյութը եղել են տրանսպորտային հաղորդակցման ուղիների վերականգնումը, քանի որ տնտեսական համագործակցության շահավետությունը մեծապես պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով: Սակայն անկախ այս իրողությունից, ռուս գործարարները Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու հարցում զգուշավորություն են ցուցաբերում: Նրանք հավատ չեն ընծայում ազատ մրցակցության հնարավորությանը Հայաստանում: Վախենում են, որ մենաշնորհ դարձած որոշակի ոլորտներ բաց չեն լինի նոր ներդրումների համար:
Նրանք նաեւ հավակնություններ են ներկայացրել հարկային ու մաքսային ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ, բայց հայկական կողմը հասկացրել է, որ իրենց առավելագույն զիջումներն արդեն արվել են, եւ Հայաստանի օրենքների սահմաններից դուրս այդ գործարաններն աշխատել չեն կարող:
Ձեռնարկությունների անգործունակության գլխավոր պատճառը պատվերների բացակայությունն է: Ռուսաստանյան օրենքները ռազմական արդյունաբերության կտրվածքով արտադրանքի պատվերներ չեն նախատեսում երկրի սահմաններից դուրս, իսկ չաշխատող ձեռնարկությունները հենց այդ ասպարեզում են: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ռուսական պառլամենտը պետք է մտահոգվի այդ օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին:
Մամուլի ասուլիսի ընթացքում արծարծվեց նաեւ եվրոպական կտրվածքով հայ-ռուսական կապերի ստեղծման մասին: Այդ կապերն իրականում ամենեւին գոյություն չունեն, քանի որ Հայաստանի համար խիստ կարեւոր որոշումների քննարկմանը Եվրոխորհրդում Ռուսաստանի եվրոպատգամավորները կամ բոլորովին չեն մասնակցել կամ սառը վերաբերմունք են արտահայտել:
Փոխհամաձայնեցված, կոորդինացված աշխատանք կազմակերպելու խնդիրը, այնուամենայնիվ, դատելով ըստ ամենայնի, դեռեւս օդի մեջ է: Հայ խորհրդարանականները որեւէ նախաձեռնություն չեն ցուցաբերել այս նիստի օրակարգում ընդգրկելու վերաբերյալ, չնայած դրա անհրաժեշտությունն ակնհայտ է:
Բնականաբար, անդրադարձ եղավ նաեւ ռուս-վրացական հարաբերությունների ներկա վիճակին: «Այն, ինչ Ռուսաստանի հետ կապված կատարվում է այսօր Վրաստանում (այդ ցույցերը, ռազմաբազաների հետ կապված որոշումները), ես չեմ կարող քաջալերել: Բայց կողմնակից չեմ, որ Վրաստանի հանդեպ տնտեսական սանկցիաներ կիրառվեն: Եվ եթե բաց խոսենք, դա անիմաստ էլ է: Ամերիկայի նման երկիրը չի՞ կերակրի Վրաստանին: ....Սաակաշվիլին եւ մյուս գործիչները դեռ երիտասարդ ու տաքարյուն են, դեռ չեն կայացել, եւ սխալ ու անկանխատեսելի որոշումներ են անում: Բայց մի բան պիտի հասկանալ. Բուշը կգա էլ, կգնա էլ, հարեւանները մնում են, իսկ հարեւանների հետ խաղաղ պիտի ապրել», ասաց Նիկոլայ Ռիժկովը:
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին, Մոսկվայում: Այս անգամ կքննարկվեն կրթությանն ու գիտությանը նվիրված խնդիրներ:
1999 թվականին երկրաշարժից հետո որպես երախտիքի նշան Սպիտակ քաղաքում կանգնեցվեց Նիկոլայ Ռիժկովի կիսանդրին: Այսօր վաղ առավոտյան նա մեկնեց Սպիտակ, ուր նրա կիսանդրին կտեղափոխվի հին քաղաքի նորակառույց շքեղ հրապարակը: