Նախորդ տարվա ապրիլյան դեպքերին ընդամենը մի քանի օր անց հաջորդեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի կարեւորումը: Կարճ ժամանակ անց Հայաստանի Հանրապետությունն ունեցավ նշված օրենքը: Քիչ ավելի ժամանակ անցՙ արդեն երեկ, խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում էր նույն օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու Տիգրան Թորոսյանի հեղինակած նախագիծը: Չնայած նշյալ օրենքի առկայությունն, ըստ ՀՀ սահմանադրության, պետք է կարեւորվեր դեռ 1995 թ.-ից, սակայն գործնականորեն կարեւորվեց նախորդ տարիՙ նաեւ որպես ԵԽԽՎ հանդեպ մեր երկրի ստանձնած պարտավորություն: Հիմա էլ կարեւորվում են դրա հնարավոր հղկվածությունն ու ժողովրդավարական դրույթների վրա հիմնվածությունըՙ դրանով էլ բացատրվում է փոփոխությունների անհրաժեշտությունը:
«Անտրամաբանական օրենքներ ենք ընդունում ու հետո փոփոխություններ առաջարկում: 8 ամիս չարչարվեցինք, առաջարկություններ արեցինք, ինչո՞ւ էն ժամանակ կարգին օրենք չընդունեցինք: Ապրիլից հետո խիստ օրենք էր պետք, դա անցկացրեցինք, հիմա մեղմացնում ենք, որովհետեւ նախագահի կցորդն ենք: Նա էլ ինչ ուզում անցկացնում է Ազգային ժողովում», իր նկատառումներն այսպես ներկայացրեց Մանուկ Գասպարյանը երեկվա ոչ մարդաշատ, բայց բավական ակտիվ քննարկման ժամանակ, որին, ի դեպ, մասնակից էր ընդդիմադիր Արշակ Սադոյանը. «Սիտուացիոն օրենքներ եք ընդունում. ապրիլին պետք էր ճնշելՙ օրենքը դրա շուջը կառուցվեց, հիմա այլ բան է պետքՙ դա է արվում: Օրենքը դիտմամբ ընդունվում է այնպես, որ սահմանափակի մարդկանց իրավունքները»:
Այս կարծիքներին ի հակակշիռ, Տիգրան Թորոսյանը օգտվելով արխիվից, փաստեց, որ նշված օրենքի առնչությամբ եղել է 105 առաջարկ, որոնցից 33-ն իր կողմից, իսկ մերժվել է 6 առաջարկ: Նա հերթական անգամ ընդգծեց. «Զգացմունքային, ուշացած քննադատության փոխարեն լավ կլիներ ժամանակին առաջարկություններ ներկայացնեիք: Փոքրամասնության մեջ լինելը չի ազատում որեւէ մեկին օրենսդրական գործունեության պարտավորությունից: Իսկ նախագիծը գրել ինձ ոչ ոք չի ստիպել»:
Մհեր Շահգելդյանի գնահատականով, օրենքի բարելավումը քաղաքական կամքի, ժողովրդավարական մոտեցման դրսեւորում է: Գրիգոր Ղոնջեյանի կարծիքով, առաջարկվող փոփոխություններով օրենքը գրեթե անխոցելի կլինի, հատկապես որ մինչ երկրորդ ընթերցում հնարավոր համատեղ քննարկումը կարեւորում է նաեւ նախագծի հեղինակը: Գուրգեն Արսենյանն էլ, որպես ԵԽԽՎ հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը հետեւող հանձնաժողովի անդամ, հավաստիացրեց, որ փոփոխությունները լիովին համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի պահանջներին: Ըստ նրա անհրաժեշտ է իրականության խեղաթյուրմամբ զբաղված անձանց գործունեությունը բացահայտելՙ ապացուցելու, որ գործադիրը բոլորովին էլ դոմինանտ չէ օրենսդրի աշխատանքում: Ռաֆիկ Պետրոսյանի տեղեկացմամբ, Վենետիկի հանձնաժողովի 8 դիտողություններից 6-ը հաշվի է առնվել նախագծում:
Նախագծի առաջարկած փոփոխություններով կրճատվել է այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում են հրապարակային միջոցառումները: Տարբեր հստակեցումների միջոցով կրճատվել է նաեւ օրենքը խախտելու հնարավորություն տվող սողանցքերի եւ անորոշ ձեւակերպումների քանակը:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ