«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԵՄ

Նրա պատրաստակամությունը հաստատում է արտգործնախարար Գյուլը

Եվրոխորհրդի անդամ երկրների վարշավյան գագաթաժողովում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթին Թուրքիայի վարչապետը նախ արձագանքել էր մայիսի 16-ինՙ մամուլի «չծրագրված» ասուլիսում, ապա մայիսի 17-ի իր երկրորդ ելույթում: «Ազգը» նախավերջին 2 համարներում անդրադարձել է նրա արձագանքներին: Պարզապես նշենք, որ մայիսի 18-ին, վերադառնալով Վարշավայից, վարչապետ Էրդողանը 3-րդ անգամ արձագանքեց, ընդ որում «Արդարություն եւ բարգավաճում» խմբակցության Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի շենքում հրավիրված նիստում:

Նշված երեք արձագանքներում էլ Էրդողանը կրկնում էր ինքն իրեն եւ դրանցում Քոչարյանի ելույթին հակազդելիս միաժամանակ սպառնում էր այն երկրներին, որոնց խորհրդարանները Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում էին ընդունել: Ինչո՞ւ: Մինչ հարցին անդրադառնալը նշենք, որ խմբակցության անդամները հարցրել են Էրդողանին, թե ինչո՞ւ նա իսկույն չի պատասխանել Հայաստանի նախագահի ելույթին, իսկ նա ասել է. «Երկկողմ հանդիպման պատճառով ելույթի պահին դահլիճում չէի»:

Միաժամանակ վարչապետ Էրդողանն այդ նիստում անուղղակիորեն հաստատել է, որ «Լեռնային Ղարաբաղի 7 շրջաններից դուրս գալու» Հայաստանին վերագրվող պատրաստակամությունն ընդամենը կեղծիք էՙ մատնանշելով. «Սահմանները փակ են: Ադրբեջանը Հայաստանի հետ դժվարություններ ունի: Կա (գրավյալ) 7 շրջան: Հայտնի չէ, թե նրանք այս 7 առանձին շրջաններից ո՞րն են ազատելու»:

Ինչ վերաբերում է սպառնալիքին, ապա այդ մասին մայիսի 19-ի համարում տեղեկացնում է «Ենի շաֆաքը»: Համաձայն թուրքական այս թերթիՙ Էրդողանը, նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչումը, ասել է. «Առ այսօր (ճանաչման) որոշում են ընդունել 15 երկրների խորհրդարաններ: Այս 15 երկրներին դնելու ենք նժարի վրա: Նրանց մեջ կան ցեղասպանություն կատարած երկրներ: Մենք հակադարձելու ենք այդ երկրներին ոչ թե ելնելով անդրկուլիսյան խոսակցություններից կամ լոբբիստական գործունեությունից, այլ փաստական նյութից ու վավերագրերից, ընդունելով մեր խորհրդարանում համապատասխան որոշումներ: Ինչո՞ւ: Որովհետեւ Թուրքիան երբեւէ չի ընկել ցեղասպանություն կատարելու մոլորության մեջ: Անհնար է, որ դա ընդունենք: Տեղահանության ընթացքում հնարավոր են մահացու դեպքեր: Դա ճիշտ է: Սակայն ինչո՞ւ նրանք տեղահանվեցին: Վավերագրերը հստակ պատասխանում են. այն պատճառով, որ հայերի մի խումբ, ենթարկվելով ուրիշների սադրանքներին, ապստամբեց 3 ռազմաճակատում միաժամանակ պատերազմող օսմանցիների դեմ»:

Խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման որոշում ընդունած երկրներին Էրդողանի սպառնալու փաստն էլ հաստատում է արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նա, ինչպես այդ մասին մայիսի 19-ի համարում նշում է «Միլիեթը», մասնակցելով թուրքական մասնավոր հեռուստաընկերություններից մեկի «Դեմ առ դեմ» հաղորդմանը, պատասխանել է Ֆաթիհ Ալթայլըի հարցերին: Ի դեպ, վերջինս «Հյուրիեթում» սյունաշարի հեղինակ է:

Թուրքիայի արտգործնախարարը Ալթայլըի «Դատի՞ եք տալու այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը» հարցին պատասխանել է. «Այո, նշված երկրների նկատմամբ այդ քայլն ենք կիրառելու: Դրա ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում: Նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ են մեզ մրոտում, ինչի՞ հիման վրա, ունե՞ն անհրաժեշտ հիմքեր»:

Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը պարզաբանելու համար Ալթայլըն նրան ուղղել է հետեւյալ հարցը. «Կա՞ արդյոք այդպիսի դատարան»: Իսկ նա պատասխանել է. «Կան դրա միջոցները: Չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, սակայն մանրազնին աշխատանք է տարվում»:

Թե ինչ ակնկալիքով է Թուրքայի վարչապետ Էրդողանը պատրաստվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկրներին Մեջլիսի որոշումով ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրել, առավել եւս դատական գործ հարուցել նրանց դեմՙ դժվար է ասել: Բայց որ ՀՀ նախագահ Քոչարյանը Եվրոխորհրդի գագաթաժողովում իր ելույթով ադրբեջանական վերոհիշյալ կեղծիքը բացահայտելիս ի չիք է դարձրել նաեւ Հայոց ցեղասպանության հարցը նամակագրությամբ եւ հանդիպման պատրաստակամությամբ Թուրքիայի օրակարգից դուրս մղելու Էրդողանի նկրտումները, ակնհայտ է:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4