Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրտուզ Ալեսքերովի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Իլքեր Բաշբուղը երեկ ասել է, որ Ադրբեջանի դրությունը, մասնավորապես Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ նրա հարակից շրջանների բռնազավթումը ընդունելի չէ Թուրքիայի համար: «Թուրքիան շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել այդ բռնազավթումը վերացնելու համար», հայտարարել է նա: Մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունները նա նշել է, որ 2 երկրներն ունեն 2 խնդիրՙ առաջինը «Լեռնային Ղարաբաղի բռնազավթումն է» Հայաստանի կողմից, երկրորդըՙ «հայերի անհիմն պնդումները ցեղասպանության վերաբերյալ»: «Վստահ եմ, այդ երկրի հասարակությունն ու ղեկավարությունը տարբեր կերպ են մտածում», ավելացրել է Բաշբուղը: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը նա համարել է չափազանց կարեւոր տարածաշրջանի ապագայի համար. «Մենք կձեռնարկենք բոլոր քայլերը նավթամուղի անվտանգության համար, քանի որ մեր 3 երկրների թշնամիները կարող են այն ոչնչացնել»: Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն իր հերթին հայտնել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը չի բացի, քանի դեռ վերջինս «զորքերը դուրս չի բերել զավթած տարածքներից»: