Լիբանանում տեղի ունեցած «Մայրիների հեղափոխությունից» հետո իրավիճակը խիստ սրվել է երկրի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Ինչպես հայտնի է, հեղափոխական շարժումն սկսվել էր նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությամբ: Այժմ, որպես լիբանանյան ընդդիմադիր ուժերի պարագլուխներՙ Հարիրի ընտանիքի եւ կողմնակիցների պայքարով կրկին փոփոխության ենթարկված ընտրական օրենքը վերադարձվել է նախկինՙ 2000 թ.-ի բանաձեւին: Ըստ այդ օրենքի, Լիբանանի խորհրդարանի երեսփոխան (պատգամավոր) կարելի է ընտրվել Լիբանանի բոլոր համայնքների ու դավանանքների ներկայացուցիչների ձայներով: Այլ խոսքով, ընտրաշրջանները ձեւավորվում են տարածքային սկզբունքով, առանց նկատի առնելու համայնքային տեղաբաշխումները, հետեւաբարՙ ներհամայնքային ձայները: Օրերս դրա դեմ իր բողոքը հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ որոշեց բոյկոտել Բեյրութի ընտրաշրջանի ընտրությունները, որտեղ որպես թեկնածուներ նախապես ներկայացվել էին հայտնի գործարար Ստեփան Տեր-Պետրոսյանը եւ Ժակ Չուխատարյանը, երկուսն էլՙ ՀՅԴ-ից: Դաշնակցությունը, որ շուրջ 50 տարի կեղծիքով, խժդժություններով եւ կենտրոնական իշխանությունների աջակցությամբ իր մոնոպոլի տակ էր պահել Լիբանանի խորհրդարանի հայ երեսփոխանների ընտրությունները, 2000 թ. ընտրական օրենքով փաստորեն կորցնում է այդ մոնոպոլը, երբ հայերը կարող են ընտրվել նույնիսկ մահմեդական կամ դուրզի համայնքների ձայներով, որպես Լիբանանի քաղաքացիներ: Այնպես որ, հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ընտրացանկը, որն ընդգրկում էր ինչպես 2000 թ.-ին հայ թեկնածուներ Հակոբ Գասարճյանին (ՌԱԿ), Եղիա Ջերեջյանին (ՍԴՀԿ), Ժան Օղասաբյանին եւ Սերժ Թուրսարգիսյանին, նաեւ Զալեհից Անտուան Նշանակյանին, առայժմ մեծ հույսեր է փայփայում մեծամասնություն դառնալու Լիբանանի խորհրդարանում: Հիշեցնենք, որ ինքըՙ հանգուցյալ վարչապետը խիստ անհաշտ հարաբերություններ ուներ ՀՅԴ-ի հետ:
Մեթնի շրջանում ընդդիմադիր քրիստոնեա-մարոնիթ գործիչ Նեսիբ Լահուդի ընտրացանկից մասնակցում է կոմունիստ Ռաֆֆի Մադեյանը, որը դարձյալ սպասվում է, որ այս ընտրատարածքում «թեժ» պայքար ծավալի Դաշնակցության հավանական թեկնածու, նախարար դոկտ. Սեպուհ Հովնանյանի դեմ:
Օգտվելով սիրիական ուժերի Լիբանանից հեռացումից, խիստ ակտիվացել են Ֆրանսիայում վտարանդիության մեջ գտնված, այժմ Լիբանան վերադարձած գեներալ Միշել Աունի եւ «Լիբանանյան ուժեր» քրիստոնեական նախկին ռազմականացած կազմակերպության համակիրները, որոնց արյունալի ռազմական բախումները քարուքանդ արեցին արեւելյան Բեյրութի քրիստոնեական շրջանները պատերազմի վերջին հանգրվանինՙ 1990-1991 թթ.-ին:
Մարոնիթ պատրիարք Մար Նասրալլա Բութրոս Սֆեյրը պահանջում է իր համայնքին պատկանող 64 երեսփոխանական աթոռները, ըստ Թաեֆի համաձայնագրի, ուր մարոնիթներն ու իրենց դաշնակիցները քաղաքական պարտություն կրեցին: Ամերիկյան ու ֆրանսիական հսկայական ճնշումների պատճառով այժմ թեեւ խիստ թուլացել է սիրիական ազդեցությունը Լիբանանում, սակայն Դամասկոսը Լիբանանում դեռեւս ունի հավատարիմ հզոր հենարաններ, հանձինս շիաների «Ամալ», «Հզբոլլահ» շարժումների եւ հյուսիսի ու հարավի քրիստոնյաների, որոնց միջոցով կարող է մեծ խոչընդոտներ ստեղծել Մայրիների երկրում:
Հաշված օրեր են մնացել Լիբանանի խորհրդարանական ընտրություններին եւ միշտ անսպասելի անակնկալներով լի: Տարածքով փոքր, սակայն ռազմագիտական եւ ֆինանսական մեծ կարեւորություն ունեցող այս երկիրը դարձյալ մնում է արեւելյան եւ արեւմտյան քաղաքական ուժերի կիզակետում: Մաղթենք, որ հերթական քաղաքական «փոթորիկը» խաղաղ ավարտ ունենա: Մաղթենք նաեւ, որ հայկական համայնքն իր երեք կուսակցություններով ու երեք հարանվանություններով ի վերջո հասնի ազգային համախոհության:
ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ (հեռախոսով)