«Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության հարցեր»
Մայիսի 18-ին ինտերնետային «Հայ թերթը» Ստամբուլից տեղեկացնում է «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի մասին: Այս միջոցառումը մայիսի 25-27-ը կհրավիրվի Ստամբուլում, «Բոսֆորի» համալսարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում: Գիտաժողովի կազմակերպիչներն են «Բիլգի», «Սաբանջը» եւ «Բոսֆորի» համալսարանները: Աշխատանքային լեզուն կլինի թուրքերեն, զեկուցումներով հանդես կգան միմիայն Թուրքիայի գիտնականները:
Թերեւս այդ գիտնականներից պետք է առանձնացնել ապրիլի 20-21-ը Երեւանում հրավիրված «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. ցեղասպանությունն ու մարդու իրավունքները» միջազգային համաժողովի մասնակից, «Բիլգի» համալսարանի համեմատական գրականության ամբիոնի վարիչ Մուրադ Բելգեին, «Սաբանջը» համալսարանի պատմության ծրագրի համակարգող Հալիլ Բերքթային, ինչպես նաեւ «Բոսֆորի» համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Սելիմ Դերինգիլին, որը նույնպես Հայոց ցեղասպանության փաստն ընդունելու հակումներ է ցուցաբերում:
Ինչ վերաբերում է քննարկումների մասնակիցներին, ապա նրանց մեջ էլ առանձնանում են ԱՄՆ-ից հրավիրված Թաներ Աքչամը եւ Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, Գերմանիայիցՙ Ֆիքրեթ Ադանըրը, Ֆրանսիայիցՙ Ստեֆանոս Երասիմոսը, ինչու չէ՞ նաեւՙ «Բիլգի» համալսարանից Մեթե Թունչայը: Ընդհանուր առմամբ, գիտաժողովի 10 նիստերում կընթերցվի ավելի քան 30 զեկուցում:
Հ. Չ.