«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ԲԵԼԳԻԱՑԻ ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՅ ԴԻՐՔ ԵՆ ԲՌՆԵԼ

Մոտ օրերս Բելգիայի Սենատը քննելու է ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը: Բանն այն է, որ խորհրդարանում ընդունված օրինագիծը վերաբերում է միայն իրավաբանորեն ճանաչված ցեղասպանություններին: «Ազգն» արդեն գրել է, որ օրինագիծը Հայոց ցեղասպանությունը ժխտողների դեմ կիրառելի դարձնելու համար անհրաժեշտ է փաստաթղթում կատարել որոշ ուղղումներ:

Նախատեսվում է Սենատում քննարկել այն ուղղումները, որոնց նպատակն է քրեական պատիժ տարածել նաեւ այլ ատյանների, մասնավորապես Բելգիայի դաշնային օրենսդիր մարմինների եւ եվրոպական օրենսդիր ատյանների ճանաչած ցեղասպանությունների ժխտման դեպքերի վրա:

Եվրոպահայերի արդարության ու ժողովրդավարության ֆեդերացիայից ստացված տեղեկության համաձայն, Բելգիայի սոցիալիստական կուսակցությունն օրինագծի առաջիկա քննարկման կապակցությամբ բացահայտ ժխտողական դիրք է բռնել: Փորձելով արդարացնել իրենց հակահայ դիրքորոշումը, սոցիալիստները հայտարարում են, թե դեմ են առաջարկված ուղղումներին, քանի որ «չարժե քրեական տեքստում ներառելով նսեմացնել այնպիսի կարեւոր հասկացություն, ինչպիսին ցեղասպանությունն է»:

Սոցիալիստները ցինիկորեն եզրակացնում են, թե խորհրդարանի ընդունած օրինագիծը ներկա տեսքով հնարավոր կլինի «կիրառել Հայոց ցեղասպանության նկատմամբ, երբ դա ճանաչվի համապատասխան որեւէ ատյանի կողմից»:

Եվրոպահայերի արդարության ու ժողովրդավարության ֆեդերացիան գտնում է, որ Սոցկուսի այդ դիրքորոշումն անմիջականորեն թելադրված է թուրքական պետության կողմից, որը շարունակում է Հայոց ցեղասպանության ժխտման ու նսեմացման քաղաքականությունը: «Սոցիալիստները փաստորեն ծանակում են բելգիական հաստատություններին եւ մասնավորապես Սենատին, զրոյի հավասարեցնելով նրանց ընդունելիք բանաձեւերը», ընդգծում է Եվրոպահայերի ֆեդերացիան, միաժամանակ խարազանելով սեփական անցյալը մերժող Սոցկուսի «շիզոֆրենիկ կեցվածքը»:

Սոցիալիստների ներկա դիրքորոշումն ունի զուտ նախընտրական շարժառիթներ եւ կոչված է սիրաշահելու բրյուսելցի հազարավոր թուրքերին: Ֆեդերացիան իրավապաշտպան կազմակերպություններին, Հավասար հնարավորությունների կենտրոնին, Սոցիալիստական ընդհանուր շարժման ակտիվիստներին, ցեղասպանությունների զոհերի ներկայացուցչական կազմակերպություններին, մասնավորապես հրեական, հայկական եւ թութսիական միություններին, քաղաքացիական հասարակությանը կոչ է անում Սոցկուսից պահանջել, որ հրապարակավ ներում խնդրի եւ սոցիալիստական ժառանգությանն ու եվրոպական արժեքներին համապատասխան դիրք բռնի:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4