«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՎԵՆԵՏԻԿԻՑ ՀԵՏՈ

Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը երեկ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց խորհրդարանում: Նախագծի քննարկումները նախորդ օրն ընդամենը 1 ժամ տեւեցին, եւ այդքան վիճարկումների առիթ դարձած օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը բավական սրընթաց ավարտ ունեցավ: Նախագծում տեղ էին գտել նաեւ 44 նոր հոդվածներ, որոնց քվեարկումը, բնականաբար, կայացավ առաջին ընթերցման ռեժիմով:

Նախորդ օրը մինչեւ ուշ երեկո եւս շարունակվում էր աշխատանքը փոփոխությունների նախագծի վրա, եւ երեկ քվեարկված տարբերակը նույնպես տարբեր էր նախորդ օրը ներկայացվածից:

«Ըստ էության Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկներն ընդունվեցին: Դեռեւս քննարկվելիք խնդիրը ընտրական հանձնաժողովներ կազմելու սկզբունքն է, որը որոշվեց լուծել ՀՀ նախագահին, ֆրակցիաներին մեկական ներկայացուցիչ հատկացնելու սկզբունքով: «Ժողպատգամավոր» խմբին եւս քաղաքական համաձայնության արդյունքում մեկ տեղ է հատկացվել: Սակայն սա անցումային դրույթ է, եւ ԱԺ ընտրություններից հետո այդ իրավունքը անցնելու է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին», «Ազգին» երեկ ասաց Մհեր Շահգելդյանը:

Ընդլայնվել են վստահված անձանց, դիտորդների լիազորությունները: Վստահված անձինք խորհրդակցական ձայնի իրավունքով ընտրական գործընթացին հետեւելու հնարավորություն են ստանալու: Քվեաթերթիկներն ավելի պաշտպանված են դառնալու, ներդրվելու են ծակոտկեն քվեաթերթիկներ, որոնք կարուսելային պտույտները բացառելու առաքելություն պիտի կատարեն:

Մի քանի աստիճանի պաշտպանվածության մեխանիզմ է նախատեսվում քվեաթերթիկների փաթեթավորման համար:

Մատներն անգույն թանաքով թանաքոտելու ոչ հաճելի գործողությունը (մի մարդուն 2 անգամ քվեարկելու հնարավորությունից զրկելու համար) օրինագծից դուրս է հանվելՙ հայկական պատգամավորական մենթալիտետը վճռականորեն մերժել է դա: Նախորդ օրը երեկոյան ընդունված լրացումների մեջ է նաեւ ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի առաջարկը` փաթեթավորումից հետո քվեաթերթիկները մեկանգամյա օգտագործման արկղերում տեղավորելու վերաբերյալ:

Գործելու եւ ստեղծվելու է ընտրողների ազգային ռեեստր:

Բոլոր քաղաքական ուժերի ու կազմակերպությունների տրամադրության տակ կլինի ընտրողների մեկ ընդհանուր ցուցակՙ ողջ ընտրազանգվածի պատկերով: Բողոքարկելու եւ ճշգրտումներ անելու ավելի իրական հնարավորություններ կստեղծվեն:

Ներառվել է նաեւ Արշակ Սադոյանի առաջարկը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության դրույթը օրենքում ամրագրելու համար:

Ժողովրդավար երկիր կառուցելու գլխավոր հույսը ընտրություններից ե՛ւ շահած, ե՛ւ տուժած քաղաքական ուժերը կապում են հնարավորինս կատարյալ ընտրական օրենքի հետ: Կեղծված ընտրություններից հետո օրինավոր երկրի ստեղծման մասին մտածելն անգամ անհեթեթություն է: Հակառակը, ավելի են սրվում հարաբերությունները հաղթած ու պարտված քաղաքական ուժերի միջեւ, ընտրախոստումներից մշտապես անբավարար վիճակում գտնվող նախկին ընտրազանգվածը չի վստահելու նոր իշխանությանը, որին 5 հազար դրամով ու 2 կգ ձեթով վաճառել է իր ձայնը:

Միշտ էլ վտանգվելու են արդար ընտրությունները, քանի որ Հայաստանում իշխանության ձգտում են մարդիկ, որոնք շատ հեռու են քաղաքականությունից:

Եվ քանի դեռ չեն լուծվել մարդկանց սոցիալական կարիքները, նրանք միշտ էլ ընտրակաշառքի զոհ ու թիրախ են լինելու խորհրդարանը կամ իշխանական լծակներն անձեռնմխելիության տանիք դարձրած մարդկանց համար:

Այդ ամենը ոչնչացնելու քաղաքական կամք է հարկավոր, որի մասին օրենքում ընդունված չէ հիշատակել, եւ քանի դեռ չկա այն, ոչ մի Վենետիկ չի փրկի մեզ իր նույնիսկ ամենաբարձր գնահատականներով:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4