«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


«ՀԱՄԵՐՆ» ՈՒ «ԺԻԳՈՒԼԻՆ»ՙ ՆՈՒՅՆ ԱՐՇԻՆՈՎ

Խորհրդարանն այսօր բուռն վիճարկումների ուղեկցությամբ քննարկեց նաեւ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Խոսքը մասնավորապես վերաբերում էր վարորդների կողմից տրանսպորտային երթեւեկի կանոնների խախտմանը: Սակայն խախտումների դեպքում նախատեսվող տուգանքների չափի վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետներ ունեին նախագիծը ներկայացնող կողմի եւ հատկապես «Օրինաց երկրի» ներկայացուցիչները:

Արդարադատության խորհրդի նախարարի խորհրդական Գեւորգ Կոստանյանի պնդումով, նոր օրինագիծը դրական լիցքեր ունի, քանի որ զսպում է վարորդին պատժող պետավտոտեսուչի ախորժակը: Նա այլեւս կամայական տուգանքներ չի նշանակի 3-10 հազար դրամի սահմաններում: «Այս փոփոխությունն անհրաժեշտ է սահամանափակելու պետավտոտեսուչի կամայականության դրսեւորումները մեր քաղաքացիների նկատմամբ»:

Առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերելու է երթեւեկության եռուն կետերում տեսամագնիտոֆոններ, շրջիկ տեսախցիկներ տեղադրելուն, իբրեւ վարորդի զանցանքի փաստման իրական միջոցներ: Եթե վարորդը չի արձագանքի պետավտոտեսուչի նախազգուշացմանը, ապա տուգանքի չափը միանգամից կդառնա 100 հազար: Եթե նա, այնուամենայնիվ, հրաժարվի վճարել, բռնագանձումը կկատարվի դատարանի միջոցով: Մգեցված ապակիներով քաղաքում երթեւեկող շքեղ մեքենաների տերերին սպասվում է 100 հազար դրամ տուգանք, մինչ այդ նրանք վճարում էին միայն 1000 դրամ:

Գեւորգ Կոստանյանը պատգամավորների բացասական արձագանքը բացատրեց այսպես. «Այս օրենքն ուղղված է խիստ վճարունակ անձանց իրավունքները սահմանափակելուն, քանի որ 100 հզ. դրամը շատ շատերին ձեռնտու լինել չի կարող: Պատգամավորներից շատ-շատերն ունեն մգեցված եւ վարագուրապատ մեքենաներ, որոնցից չեն ուզում հրաժարվել»:

«Մենք ընդհանրապես դեմ ենք այս օրենքի նախագծին: Վարորդների միջեւ տարանջատում չի արվում` տրակտորի՞ վարորդ է, թե «Մերսեդեսի»: Պատժաչափերը շատ են խստացվել: Սահմանված 3-10 հզ. տուգանաչափերն առաջարկվում է դարձնել 100 հզ. դրամ, օրինակ, լուսային կամ ձայնային ազդանշանների համար ոչ սահմանված մոդելներ տեղադրելու համար, բայց պարզ է, որ «Մերսեդեսի» կամ «Համերի» վարորդին չեն կանգնեցնելու, եւ կուժն ու կուլան էլի կոտրվելու է խեղճուկրակի վրա», ասում է պետաիրավական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:

Իսկ Սամվել Բալասանյանն ընդհանրապես առաջարկեց նախագիծը հետ ուղարկել կառավարություն:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4