Թատրոն առանց տոմսերի ու տարածության: Այսպես են արտահայտվում հեռուստաթատրոնի մասին: Այն թատրոնի, որն այսօր մոռացության է մատնված: Հեռուստատեսության թատրոնի բոլոր յուրահատկությունները պայմանավորվում ու բնորոշվում են մեկ պարագայով` ներկայացում եթերում: Քանի որ չկան այդ ներկայացումները, ուստի նրա պատմությանը վերաբերող դատողություններով կարող ենք խոսել թատրոնի այդ ձեւի մասին: Դժբախտաբար թատերական քննադատությունը վաղուց լռել է ոչ միայն հեռուստաթատրոնի չգոյության մասին խոսելը, այլեւ մոռացության է տրվել թատերական քննադատության ժանրը: Եկեք չմոռանանք, որ ասպարեզից դուրս է մնացել մշակութային շատ կարեւոր բնագավառ: Չմոռանանք, որ անտոմս, բայց ոչ երբեք անունկնդիր թատրոնն անհրաժեշտ է մոտիկ ու հեռավոր հանդիսատեսի համար` անկախ բեմադրությունների` մի դեպքում լավ, մեկ այլ դեպքում` անհաջող, ինչպես ամեն մի թատրոնում: Ուրեմն փորձենք անդրադառնալ հայկական հեռուստատեսային թատրոնի ստեղծագործական պատմությանը, որի վերլուծությունը կատարել է թատերագետ Վարսիկ Գրիգորյանը վերջերս լույս տեսած գրքում: Նա անդրադարձել է թատրոնի շուրջ երեք տասնամյակների պատմությանը (1957-1984):
Վ. Գրիգորյանի գիրքը առաջին փորձն է հանրությանը ներկայացնելու հեռուստատեսային թատրոնի պատմությունը: Հայաստանի հեռուստատեսության գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության ստեղծագործողները` ռեժիսորները, նկարիչները, օպերատորները, նրանց բեմադրած ներկայացումներում զբաղված դերասաններն առաջին անգամ են ներկայանում իրենց պատմությամբ: Եվ այդ շնորհակալ գործի նախաձեռնողը բոլորիս լավ հայտնի, թատերական արվեստի նվիրյալ Վ. Գրիգորյանն է:
Նա հայ թատրոնի եւ նրա երախտավորների մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ է գրել: Իսկ առանձնակի ուշադրությամբ հետեւել է հեռուստատեսային թատրոնի պատմությանը, հավաքել, դասդասել ամեն մի փաստ եւ երեւույթ եւ շարադրել այս ժողովածուն: Այո, նրա բեղուն աշխատանքը բարձր գնահատականի է արժանի:
Ըստ հեղինակի հաշվարկումների` 40 տարում եթեր է հեռարձակվել 798 անուն գործ, որոնցից 488 ինքնուրույն եւ 310 թարգմանական ինքնուրույն պատրաստի պիեսներ:
Թատրոնի առաջին շրջանը (1957-69) հեղինակն անվանել է որոնումների շրջան, քանի որ նորաստեղծ հայկական հեռուստատեսությունը իրոք որոնումների մեջ էր ընդհանրապես, իսկ թատրոնը ինքնուրույն պիեսների խիստ պակաս ուներ: Այդ շրջանում հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսոր Մ. Մարինոսյանի բեմադրությամբ հեռուստադիտողներն ականատես եղան Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» ներկայացմանը: Ռեժիսորի հետաքրքրական մտահղացումներով ծնվեցին Շիրվանզադեի «Արտիստը», Զոհրապի «Փոստալը», Չեխովի «Կինը» էկրանային ներկայացումները: Նոր կազմավորման շրջանում տեխնիկայի պակասության եւ անկատարության պատճառով ռեժիսորները դիմում էին կինոէկրանավորման սկզբունքներին, որտեղ էլ շնորհակալ գործ էին կատարում կինոօպերատորներ Ստեփան Մարտիրոսյանը, Լաերտ Պողոսյանը, Էդմոն Հակոբյանը:
Աստիճանաբար հեռուստաթատրոն էին մուտք գործում նոր ռեժիսորներ, պրոֆեսիոնալ դերասաններ ու հեռուստամասնագետներ: Այս տարիների ինքնուրույն գործերից ամենանշանավորը Ալեքսանդր Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրամայի բեմադրությունն էր, ուր Մաշտոցի դերում հանդես եկավ Վահրամ Փափազյանը: Հեռուստատեսային թատրոնը «Մեսրոպ Մաշտոցով» եւ Հ. Քոչարի «Ուսուցիչը» պատումով գտավ հեռուստադիտողին հուզող հրաշալի թեմա: Վերջին ներկայացման մեջ իրենց փայլուն դերակատարումներով հանդես եկան Գեղամ Հարությունյանը եւ Գուրգեն Ջանիբեկյանը:
Գրականությունը համահունչ էր եթերային թատրոնի` դրամատիկական ու էպիկական հատկանիշների զուգակցման սկզբունքին: Ավելին, եթերի իրապատում թատրոնի «անխախտ» ըմբռնումը դժվարությամբ էր ներառում նոր ոճաբանության, երեւակայության եւ պայմանականության թատրոնի սկզբունքները: Քանի որ չկային հեռուստատեսային թատրոնի իրարամերժ դրսեւորումների մասին տեսական ու գործնական հետազոտություններ, ուստի հեռուստաթատրոնի ռեժիսորները իրենց սեփական բանաձեւումներով ստեղծեցին նոր ուղին: Հիշատակի են արժանի Օլգա Մելիք-Վրթանեսյանի երկու հրաշալի բեմադրությունները` «Փոքրիկ իշխանը» եւ «Քնկոտ աստղը»:
1960-ական թվականներին միանգամայն թարմ ու արդիաշունչ հնչեց Աննա Պետրոսյանի «Խոր ջրհորներ» դրաման: Դա առաջին ժամանակակից պիեսն էր, որ կառուցված էր ներքին հոգեբանական կոնֆլիկտի վրա: Պետրոսյանի պիեսը ժանրային որոշակիություն բերեց էկրաներկերի մեջ:
Հեռուստաթատրոնի եթերից չէր պակասում թարգմանական դրամատուրգիան: Ռուսական եւ եվրոպական հեղինակների աշխատանքները դարձան հեռուստաթատրոնի աչքի ընկնող ներկայացումներ: Ռեժիսորներ Մարատ Մարինոսյանի եւ Ավիկ Թորոսյանի բեմադրություններում հաճույքով էին մասնակցում Երեւանի տարբեր թատրոնների նշանավոր դերասաններ Ավետ Ավետիսյանը, Գեւորգ Աշուղյանը, Հովհաննես Ավագյանը, Սոս Սարգսյանը, Գարուշ Խաժակյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Կարպ Խաչվանքյանը եւ այլք:
Թարգմանական խաղացանկի ուշագրավ գործերից էին Վալենտին Եժովի «Երբ սոխակներն են երգում» եւ Էդ. դե Ֆիլիպոյի «Սանիտայի քաղաքագլուխը» պիեսները, որոնց բեմադրությունները ուշագրավ էին:
Հեռուստաթատրոնի նվիրյալներն աշխատում էին կյանքին ու ժամանակին համահունչ պիեսներ ներկայացնել հայ ունկնդրին: Հիշենք դրանցից մի քանիսը` «Վարշավյան մեղեդին», «Տարօրինակ միսիս Սեւիջը», «Երկուսը ճոճանակին», «Իրիկնամուտից մինչեւ կեսօր», «Վթարը», «Թակարդ» եւ այլն: 1967թ. Կիմ Արզումանյանը իրականացրեց իտալացի դրամատուրգ Վիվանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը» երաժշտական պիեսի բեմադրությունը: Ավելի ուշ Էդ. դե Ֆելիպոյի «Ծննդյան տոնը սինյոր Կուպյելոյի տանը» կատակերգությունը: Հեռուստատեսային թատրոնի պատմության լավագույն էջերից են Աբովյանի «Վերք Հայաստանի», Ավ. Իսահակյանի «Օջախի ծուխը», Պռոշյանի «Հացի խնդիրը» ներկայացումների բեմական պատմության շրջանը: 1960-ական թվականների հետաքրքրական բեմադրություններից էին նաեւ Բուլգակովի «Տուրբինների ժամանակը», Ջեկ Լոնդոնի «Մարտին Իդենը», Աշքենազիի «Գիշերային հյուրը», Յու. Էդլիսի «Որտե՞ղ է եղբայրդ, Աբել» ներկայացումները:
Թատրոնի երկրորդ շրջանը, որն ընդգրկում է 1970-84 թթ. հեռուստաթատրոնի պատմությունը, ստեղծագործական ինքնաճանաչման եւ լայն հորիզոնների բացման ու ձեռքբերումների շրջան էր: Պետք է խոստովանել, որ այս շրջանում հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանը վերակառուցեց հեռուստատեսության եւ ռադիոյի բոլոր բնագավառները: Դժվարությամբ հարթելով իր նոր ճանապարհը` հեռուստաթատրոնը ամեն շաբաթ իր հանդիսատեսին է ներկայացնում նոր ներկայացում:
Հեռուստաթատրոնի հարուստ պատմությունը հարստացել է նաեւ մանրապատումների եւ ինքնուրույն մեծակտավ գործերի բեմադրություններով, որոնց անդրադառնալը հոդվածի սահմաններից դուրս է: Երկրորդ շրջանի լավագույն բեմադրություններից էին «Երկիր Նաիրին», «Մեծամորը», «Գիշերվա սաբրը խեր է», «Օր` առանց մայրամուտի», «Բացեք ձեր աչքերը», «Եվ դո՞ւ Բրուտոս», «Անմահություն», «Խութեցի Հովհանը», «Գեւորգ Մարզպետունին»:
Հեռուստաթատրոնի այս շրջանում անուրանալի գործունեություն ծավալեց ռեժիսոր Կառլեն Վարժապետյանը: Նրա բեմադրությամբ Չարենցի «Երկիր Նաիրին» եւ Հր. Մաթեւոսյանի «Չեզոք գոտին» դրաման իրենց բնույթով յուրօրինակ ներկայացումներ էին, որոնք ասուլիսի լայն առիթ տվեցին: Ինչպես նախորդը` առաջին շրջանը, այնպես էլ հեռուստատեսային թատրոնի պատմության երկրորդ շրջանը հագեցված է, քանի որ ինչպես ներկայացումների թեմատիկայի բազմազանությունն ու մասնագետ-հեղինակների բազմաքանակությունը հնարավորություն չի տալիս անդրադառնալ այդ խնդրի համար ծառայություններ մատուցած բոլոր անհատներին:
Այսօր մեզ մնում է ուրախանալ միայն այս գրքով, որի հեղինակը խնամքով հավաքել, վերլուծել, տվել է թատրոնի անցած ուղու բոլոր մանրամասները: Այս աշխատությունն ունի պատմական կարեւոր արժեք: Դժբախտաբար չեն պահպանվել նաեւ արխիվային նյութերը, եւ հեղինակի անձնական արխիվային նյութերի ու հիշողությունների միջոցով է ծնվել հայ մշակույթի համար այս կարեւոր ձեռնարկը: Վարսիկ Գրիգորյանը, հավատարիմ մնալով հետազոտական բնագավառում իր նվիրվածությանը, մի հանգամանք, որ բոլոր թատերագետների մոտ չեք նկատի, քննել է զարմանալի բծախնդրությամբ` անգնահատելի ծառայություն մատուցել հայ թատրոնի եւ հեռուստատեսության պատմությանը: Հեռուստաթատրոնի անցած ճանապարհը եւ էկրանի հրաշքը ներկայացնել եւ վերակենդանացնել մեր հիշողության մեջՙ թատերագետ Վ. Գրիգորյանի մարդկային ու ստեղծագործական նվիրվածության արդյունքն է:
ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ