Մարմնի կարգավիճակի խնդիրը ժամանակակից աշխարհում, ինչպես նաեւ ժամանակակից արվեստում համարվում է կարեւորագույններից մեկը:
Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացված «Սոցիում-Մարմին-Արվեստ» խորագրով ցուցահանդեսի խնդիրը հայկական այլընտրական արվեստի` սոցիալական դաշտի հնարավոր ու անհնարին փոխկապակցվածության եզրերը բացահայտելը, խնդրականացնելն ու ներկայացնելն է, ինչպես նաեւ մարմնի թե՛ սոցիալմշակութային, թե՛ գեղարվեստական դրսեւորումները համադրելը:
Ցուցահանդեսը բաղկացած է 2 մասից.
Մարմին- Սոցիում, որի շրջանակներում փորձ է արվում պարզել եւ ամրագրել ներկայիս հասարակության մեջ մարմնի ընկալման ու դրա հանդեպ վերաբերմունքների դրսեւորումները:
Մարմին-Արվեստ, որի հիմնական ստեղծագործական միտումներից մեկը մարմնի ու սոցիումի միջեւ առկա հակամարտությունը շոշափելն է:
Երիտասարդ ստեղծագործողները իրենց աշխատանքներում փորձել են ներդնել այն մի մասնիկը, որը թույլ կտա հասարակությանը ուրիշ աչքերով նայել Մարմին- Սոցիում եւ Մարմին- Արվեստ խնդրին:
Մասնակիցներից յուրաքանչյուրը արվեստի մի բնագավառում փորձել էր արտահայտել իր վերաբերմունքը մարմնի հանդեպ` որպես սոցիումի մի մաս:
Լիանա Մկրտչյանի պատրաստած կավե շրթունքների նպատակն էր անհատին մեկուսացնել հասարակությունից` պարզապես փակելով նրա բերանը:
Ինա Աղաջանյանը, որի գրաֆիկան կրում էր «Ջինսը իմ կանացի մարմնի մասն է» խորագիրը, ձգտում էր ցույց տալ կնոջ դերը հասարակությունում, ինչպես նաեւ հագուստի ընտրությունը կնոջ կյանքում:
Անի Սեմերջյանը, Գայանե Չոլակյանը եւ Մարիաննա Հովհաննիսյանը նպատակ էին դրել իրենց առջեւ նկարահանել մի փոքր ֆիլմ սիրած էակի մասին, որտեղ այդ անձնավորությունը հանդիսանալու էր գիտակցորեն օգտագործվող օբյեկտի կողմից ենթագիտակցորեն օգտագործվող սուբյեկտ:
«Մեր նախագծի նպատակն էր ստեղծել կոնֆլիկտ սիրած անձնավորության հետ, ինչի մասին նա չպետք է տեղյակ լիներ: Այսինքն, որ մենք կարող ենք կառավարել իրենց, ինչպես նաեւ իրավիճակըՙ առանց իրենց իրազեկության», ասում է Գայանե Չոլակյանը:
Անի Սեմերջյանի սոցիալ-հետազոտական աշխատանքի օբյեկտ է հանդիսացել Սերգեյ Սիմոնյանը, որն ընդհանրապես չի իմացել Անիի գոյության մասին: Լինելով ֆիլմի բնորդ` Սերգեյը մի քանի օր «հետապնդվել» է աղջիկների կողմից եւ նույնիսկ չի կասկածել, որ իրեն նկարահանում են վերոնշյալ նախագծի համար:
Աղջիկներն ուղարկում են Սերգեյին անվանական հրավիրատոմս` նշելով ցուցահանդեսի վայրը եւ ժամը` առանց որեւէ երաշխիք ունենալու, որ բնորդը կներկայանա ֆիլմի ցուցադրմանը:
Սակայն Սերգեյը, չափազանց հետաքրքրված լինելով անվանական հրավիրատոմսով, նշված օրը գալիս է ցուցահանդես եւ ապշում` տեսնելով ներկայացված աշխատանքը:
«Մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում այս աշխատանքը: Իհարկե սկզբում շատ տհաճ էր, երբ իմացա, որ ինձ հետապնդել են, բայց հետագայում տհաճությունը տեղը զիջեց հետաքրքրությանը», պատմում է Սերգեյը:
Անի Սեմերջյան. «Մեզանից յուրաքանչյուրը պետք է վերցներ սիրած էակի որեւէ մի իր եւ այն թաքցնել, ինչը եւ հետագայում կդառնար կոնֆլիկտի պատճառ: Ես արտատպել էի իմ բնորդի մեքենայի համարները եւ ներկայացրել ֆիլմում որպես նրան պատկանող առարկա: Համարներն այնքան իրական էին, որ բնորդն իրոք հավատացել էր, որ դրանք հանել էին իր մեքենայի վրայից»:
Տաթեւ Մնացականյանը «Կոդակ» եւ «Կոնիկա» ֆոտոժապավենների դեղին եւ կապույտ խցանների միջոցով գետնին հյուսել էր մի մեծ մեղվի փեթակ, որով նա ցանկանում էր ասել, որ բջջից կարելի է հյուսել ամբողջ բջջային աշխարհը:
«Բոլորն այստեղ պատկերում են մարմին, հասարակություն, փորձում ինտեգրել մարմինը հասարակության մեջ: Իսկ ես ցանկանում եմ ցույց տալ, որ բջիջն է հանդիսանում այդ հասարակական մարմնի սկիզբը: Իմ աշխատանքում ես ներկայացնում եմ միջատների բջիջները, իսկ մեղվի փեթակը ամենաճշգրիտ հավաքված «կառույցն» է, որի մի տարրի խախտման դեպքում կփոխվի ամբողջ համակարգը: Նույնը վերաբերում է նաեւ հասարակությանը»:
ԼԻԿԱ ՄԿՐՏՉՅԱՆ, Ուսանող