«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ 1,5 ՄԻԼԻՈՆԻՑ ԱՎԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂ

«Ազգի» ռեկորդը մնում է չգերազանցված

«Ազգի» ինտերնետային էջի այցելուների թիվը երեկ անցավ 1,5 միլիոնը: 2001 թ. հունվարից կատարվող հաշվարկների համաձայն, Հարավային Կովկասում ինտերնետային թերթերի վարկանիշների կտրվածքով «Ազգը» մնում է առաջինը: 1,5 միլիոն այցելու ունեցած ինտերնետային էջում արդեն կարդացված է 8 մլն 300 հազարից ավելի հոդված, ընդ որում դրանց գերակշիռ մասըՙ հայերեն տարբերակում:

Չորս լեզվով ինտերնետային էջում հոդվածներ տեղադրող «Ազգն» ավելի շատ ընթերցում են հայերենից հետո ռուսերենով, ապաՙ անգլերենով եւ նոր միայն թուրքերենով: Վերջին տարբերակի այցելուների թիվն օրական անցնում է 100-ը:

Հետաքրքրական է վիճակագրությունը նաեւ աշխարհի տարբեր տարածաշրջաններից ինտերնետային «Ազգի» ընթերցողների վերաբերյալ: Մասնավորապես Հայաստանից օրական «Ազգի» ինտերնետային տարբերակն ընթերցում են 250-300 հոգի, Ռուսաստանիցՙ մոտ 350, իսկ հիմնական ընթերցողները, որքան էլ արտառոց թվա, Եվրոպայից են, ԱՄՆ-ից եւ Կանադայից: Ամեն դեպքում, բոլոր այն երկրներում, որտեղ հայ կա եւ ինտերնետային ծառայություններ, «Ազգի» ինտերնետային էջը կարդացվում է:

Բազմաթիվ նամակներ են օրական ստացվում «Ազգի» էլեկտրոնային փոստով: Վերջին մի քանի օրում «Google» որոնման համակարգում ի հայտ եկած հակահայկական կայքի առնչությամբ մի քանի տասնյակ շնորհակալական նամակներ են ստացվելՙ հիշատակված երեւույթի նկատմամբ թերթի ցուցաբերած վերաբերմունքի համար: Ի դեպ, ավելացնենք, որ շնորհիվ «Google» որոնման համակարգին ուղղված բողոքների եւ «Ազգի» հրապարակումների, հիշատակված համակարգից ոչ միայն անհետացավ հակահայկական կայքի լինկը, այլեւ ինքըՙ հակահայկական ինտերնետային կայքը: Մեր տվյալներով, այն անվճար սերվերի ադմինիստրացիան, որտեղ տեղադրված էր վիրավորանքներով լի հակաքրիստոնեական եւ հակահայկական կայքը, եւս վերացրել է հիշատակված կայքըՙ որպես հակահայկական պրոպագանդայի միջոց:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4