ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ՀՀ ալպինիզմի ազգային ֆեդերացիան իրականացրեց լեռնագնացություն դեպի Էլբրուս, որը տեղի ունեցավ 2005 թվականի մայիսի 3-13-ը:
Շուրջ 600 լեռնագնացներ 15 երկրներից (ԱՊՀ եւ այլ) մասնակցում էին արշավին: Հիմնական նպատակն էր տոնել Երկրորդ համաշխարհային պատերազմում մեծ հաղթանակի 60-ամյակըՙ Էլբրուսի գագաթից համայն մարդկությանը ահաբեկչության դեմ պայքարի եւ խաղաղության կոչ անելով:
Հայաստանի թիմի կազմում էին Հայկ Տոնոյանը, Տիգրան Ներսիսյանցը, Տիգրան Խաչատրյանը (Հայաստանից), Լեւ Սարկիսովը (Վրաստանից) եւ Արթուր Կարապետյանը (Ռուսաստանից): Հայկական թիմը այս արշավը նվիրում էր նաեւ Միավորված ազգերի կազմակերպության 60-ամյակին ու ՄԱԿ-ի կողմից հռչակված սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության միջազգային տարվան:
Ալպինիստները մայիսի 5-ին հասել են Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուսի շրջան: Մայիսի 6-ին տեղի է ունեցել արշավի հանդիսավոր բացումը: Մայիսի 6-9-ը ժամանակահատվածը ալպինիստները օգտագործել են մարզումների համար: Անբարենպաստ եղանակի պատճառով ալպինիստները Էլբրուսի արեւմտյան` առավել բարձր գագաթը (5642մ) նվաճել են մայիսի 10-ին: Այնտեղ բարձրացրել են ՄԱԿ-ի եւ Հայաստանի հանրապետության դրոշները: Արշավախումբը Երեւան է վերադարձել մայիսի 13-ին: