Աղետի գոտում ավելի՞ տեղեկացված են
«Քըրք Քըրքորյանն իսկապես Երեւանում է եւ մի քանի օր դեռ մնալու է Հայաստանում», ընդամենը այսպիսի տեղեկություն հաջողվեց հայթայթել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Զարմանալի է, բայց մինչեւ մեր մեծահարուստ հայրենակցի ժամանումը, այս մասին առավել բովանդակային տեղեկություն մենք ստացել էինք աղետի գոտու բնակիչներից: Սպիտակում արդեն սրտատրոփ սպասում են բնակարանաշինական նոր ներդրումների: Այդ տեղեկությունը եւս հավաստի կարելի է համարել, ինչպես նրա ժամանման լուրը, որին թերահավատությամբ վերաբերվեցինք:
Երեկ լուրը հաստատվեց նաեւ արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից, որ Հանրային հեռուստատեսությամբ հայտարարեց, թե մեծ բարերարի այցը եղել է չնախատեսված եւ կրում է անձնական բնույթ: Նա Երեւան է ժամանել Կաննից, որտեղ հետեւել է 58-րդ փառատոնին: Երեկ ցերեկը բարերարը շրջագայել է մայրաքաղաքի կենտրոնական մասում եւ, ըստ Վ. Օսկանյանի, լավ տպավորություն է ստացել փոփոխություններից: Օրվա ընթացքում Քըրքորյանը հասցրել է հանդիպում ունենալ հանրապետության նախագահի եւ արտգործնախարարի հետ:
Իրազեկ շրջանակներում տիրող կարծիքն այն է, որ եթե պրն Քըրքորյանը դժգոհ լիներ «Լինսի» ծրագրով նախորդ տարիներին իրականացված վերաշինական ու վերակառուցման աշխատանքներից, ապա այս այցելությունը, թեկուզ խիստ անձնական բնույթի, չէր կատարի:
Կ. Դ.