«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#89, 2005-05-18 | #90, 2005-05-19 | #91, 2005-05-20


ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

ԿԲ-ն հայտարարում է, որ շարունակելու է կանխիկ գործառնությունների դաշտը կանոնակարգող քաղաքականությունը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տիգրան Մեծի պողոտայի փոխանակման կետերը երեկ մեկժամյա գործադուլի էին դիմելՙ բողոքելով նախօրեին 17 փոխանակման կետերին լիցենզիայից զրկելու որոշման դեմ: Նրանք անարդար էին համարում իրենց նկատմամբ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը: Ի՞նչն էին փոխանակման կետերի ներկայացուցիչները համարում անարդար, եւ որո՞նք էին նրանց բողոքի պատճառները: Այս հարցերն ուղղեցինք լիցենզիայից զրկված եւ դեռեւս աշխատանքը շարունակող արտարժույթ փոխանակողներին: Մեր առաջին զրուցակցի անունը չի ձայնագրվել.

- Ամսի 17-ին ստուգում է եղել, ամեն ինչ նորմալ է եղել: Հաջորդ օրը խախտում են հայտնաբերելՙ իբր դռներին ցուցիչ տեղադրված չէ: Ինձ համար դեռեւս որոշում կայացված չէ: Ես չգիտեմ, դա խախտում կհամարեն եւ կփակե՞ն: Ես հարցրել եմ, թե հնարավո՞ր է դրա համար փակեն, ասել են, այո, հնարավոր է:

Սանամյան Էդուարդ - Փոխանակման կետը փակվեց ինկասացիայի թերթիկի պատճառով: Դրամապահոցը ստուգեցին եւ չասացինՙ անցավ, թե՞ չանցավ: Մինչեւ հիմա անհայտ է, որովհետեւ ԿԲ խորհրդի նիստում է դա որոշվելու:

Վարդան Վարդանյան - Եթե 100 դոլար ավելի եմ վերցրել կամ պակաս եմ տրամադրել հաճախորդին, դրանից հետո իմ դրամարկղը ստուգում են եւ պակասորդ կամ ավելցուկ հայտնաբերում, դրա համար պետք է փոխանակման կետ փակե՞ն: Եթե ես ամեն րոպե սպասեմ, որ ինձ պետք է ստուգեն, հնարավոր է 100 դոլար էլ, 200 դոլար էլ տարբերություն տամ: Կամ եթե ավելի եմ տվել հաճախորդին, ապա ես վնաս եմ կրել: Իմ վնասի համար փոխանակման կետը փակո՞ւմ են:

Սոֆյա Բաղդասարյան - Իմ փոխանակման կետն էլ են փակել 6 հազար դրամ պակասորդի համար, քանի որ տպիչի համար թուղթ եմ վերցրել Ֆիրդուսու շուկայից եւ ինձ կտրոն չեն տվել:

Մեր հարցին, թե ինչպե՞ս են իրենք բացատրում անցյալ տարվա դեկտեմբերին կատարված ստուգումներից հետո փակված փոխանակման կետերի վերաբացումը, Էդուարդ Սանամյանը պատասխանեց, որ այն ժամանակ չկար միմյանցից 50 մետր հեռավորության օրենքը: «Իսկ երբ մեր թերթին տված հարցազրույցում ԿԲ նախագահը հայտնեց մեծ մնացորդների մասին, ինչո՞ւ փոխանակման կետերը չարձագանքեցին եւ չհերքեցին դա»ՙ հաջորդ հարցին էլ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այն ժամանակ մեղավոր են եղել, իսկ հիմա արդեն անմեղ են:

Գործող փոխանակման կետ ներկայացնող Արա Մովսիսյանը համոզմունք հայտնեց, որ ամբողջ երեւույթի իմաստն այն է, որ Տիգրան Սարգսյանը հրաման է ստացել ողջ այս բիզնեսը կենտրոնացնել մեկ հոգու ձեռքում: «Ո՞վ կամ ովքե՞ր են այդ մարդիկ» հարցին Արա Մովսիսյանը չկարողացավ պատասխանել, ասելով միայն, որ այդ մարդիկ շատ հզոր են, ինչի պատճառով էլ այս ամենը տեղի է ունենում: «Երբ դեկտեմբերին ստուգեցին եւ փակեցին, ոչ ոք չասացՙ ինչու փակեցին, որովհետեւ խախտումներ հայտնաբերվեցին: Հիմա այստեղ մենաշնորհ են ուզում մտցնել եւ վերջ», նշեց մեր զրուցակիցը:

Գործադուլավորները երեկ ներկայացուցիչներ էին ուղարկել Կենտրոնական բանկՙ իրենց դժգոհությունները փոխանցելու նպատակով: Փոխանակման կետերի շահերը ներկայացնող Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք խնդրել են, որպեսզի միության խորհրդի եւ ԿԲ խորհրդի հանդիպում տեղի ունենա, որի ժամանակ ակնկալում են պատասխաններ ստանալ, թե ինչ քաղաքականություն է իրականացվում փոխանակման կետերի դեմ: Իսկ այդ հանդիպման ժամանակ, ինչպես ի պատասխան մեր հարցի ասաց Արամայիս Խաչատրյանը, Կենտրոնական բանկից հայտնել են, որ գործադուլը տեղի է ունենում օրենքի խախտումով եւ որ դա ռեժիմի խախտում է, ինչի համար նույնպես պատժամիջոցներ կկիրառվեն: Միաժամանակ նա նշեց, որ գործադուլը տեւելու է մեկ ժամ, որից հետո փոխանակման կետերը կսկսեն աշխատել:

Ինչպիսի՞ն է Կենտրոնական բանկի դիրքորոշումը Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցող գործադուլի եւ փոխանակման կետերի դժգոհությունների կապակցությամբ: Այս հարցին ԿԲ լրատվական ծառայությունից հետեւյալ պատասխանը ստացանք: Երբ անցյալ տարվա դեկտեմբերին 20-ից ավելի փոխանակման կետեր զրկվեցին լիցենզիաներից, այն ժամանակ օրենսդրական բազան մեղմ էր: Եթե նույն փոխանակման կետը դիմեր նորից լիցենզիա ստանալու համար եւ համապատասխաներ բոլոր պահանջներին, լիցենզիան առանց դժվարությունների տրվում էր: Այդ ժամանակ սակայն Կենտրոնական բանկը փոխանակման կետերին զգուշացրել է, որ մտցվելու են փոփոխություններ, որից հետո, եթե լիցենզիան ուժը կորցրած ճանաչվի, ապա հաջորդ անգամ դիմելու դեպքում փոխանակման կետը հնարավոր կլինի վերաբացել միայն մյուս կետից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Այդ որոշումն ուժի մեջ է մտել մարտի 25-ից: Հետեւաբար, ըստ լրատվական ծառայությունից ստացած տեղեկատվության, ԿԲ-ն այսուհետեւ էլ խիստ է լինելու փոխանակման կետերի նկատմամբ եւ շարունակելու է իրականացնել քաղաքականություն, ուղղված կանխիկ գործառնությունների դաշտի կանոնակարգմանը: Այդ քաղաքականության նպատակն է, որ փոխանակման կետերն իրականացնեն միայն օրենքով իրենց վերապահված գործառնությունները, այսինքն, սպասարկեն միայն քաղաքացիներին, այլ ոչ թե բիզնեսը:

Ինչ վերաբերում է գործադուլին, ապա Կենտրոնական բանկն անհասկանալի է համարում դա, նշելով, որ գործադուլները սովորաբար ուղղված են լինում գործատուների դեմ: Ավելին, այդ գործադուլը ԿԲ-ն դիտարկում է որպես ճնշման փորձ, որպեսզի կասեցվի կամ փոխվի իր որդեգրած քաղաքականությունը: Սակայն Կենտրոնական բանկից հավաստիացրեցին, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4