Մայրաքաղաքի պատմաճարտարապետական հուշարձան համարվող Աբովյան 1/4 շենքը քանդելուց հետո շենքի սեփականատերը, որը, մեր ունեցած տեղեկություններով, Երեւանի քաղաքապետարանն է, անցել է ճակատային մասի վերջին համարակալած բեկորների քանդմանը: Այսպես մեր քաղաքում ավելի ու ավելի է արմատավորվում ինքնագլուխ գործունեությունն ու անօրինականությունը, որի փայլուն օրինակն է տալիս հենց ինքըՙ նորին մեծություն քաղաքապետարանը: Իսկ մենքՙ երեւանցիներս, պարզվում է, միամիտ ենք այնքան, որ բողոքի ակցիաներ ենք կազմակերպում քաղաքապետարանի շենքի մոտՙ պահանջելով օրենք, իրավունք, պատմական շենքերի խնամք եւ մեզանում զուտ ձեւականորեն գոյություն ունեցող այլ բաներ:
Շենքի սեփականատեր հայտարարված ամերիկահայ Նազարեթ Բերբերյանին քաղաքապետարանը տվել է միայն կառուցապատման եւ իրացման իրավունք ու նա քանդված շենքի տեղում կկառուցի հյուրանոց, որի ճակատային մասում կտեղադրվեն այս պահին հանվող համարակալված քարերը: Թե ի՞նչ տեսք կունենա այդ հյուրանոցը, ժամանակը ցույց կտա, բայց խնդիրն այստեղ այլ է: Կառուցապատում անվան տակ մեր քաղաքում քանդվում են շենքեր, որոնցից տասնապատիկ անշուքները նախանձելի խնամքով պահպանվում են մեր հարեւան Թբիլիսիում: Իսկ մեր երկրում քաղաքային իշխանությունը խախտում է պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման ՀՀ օրենքը, որի համաձայն հուշարձանի պահպանության համար պատասխանատու է սեփականատերը, իսկ հսկողությունն իրականացնում է հուշարձանների պահպանության գործակալությունը: Նույն օրենքի պահանջով, սեփականատերը հուշարձանների պահպանության գործակալությանը պետք է հանձնի հուշարձանի պահպանական պարտավորագիր, որտեղ նշվում են նրա բոլոր իրավասություններն ու պարտականությունները: Պարտավորագրեր հանձնելու դեպքում մեր քաղաքում կամայական քանդումներ չէին լինի, այնպես որ, ինչպես Աբովյան 1/4, այնպես էլ մյուս շենքերը քանդվում են հենց իշխանավորների նախաձեռնությամբ:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ