Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամը դադարեցրել է հայաստանյան ծրագրերի ֆինանսավորումը
Բնապահպանական կազմակերպությունների կոալիցիան եւ Վայրի բնության պահպանության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը շարունակում են ճակատամարտը տրանսպորտի նախարարության դեմՙ փորձելով փրկել բակունցյան ժամանակներից անաղարտ մնացած, Հայաստանի վայրի բնության միակ կուսական հատվածը` Շիկահողի արգելոցը Մթնաձորի իր հանրահայտ անտառաշերտով: Կրքերն ավելի է բորբոքել տրանսպորտի նախարարի վերջերս արած հայտարարությունը, թե ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի եւ արգելոցի 14 կմ-ը պետք է զոհաբերել բնության էտալոն, անտառահատումներից անմատչելիության պատճառով անխաթար մնացած եզակի այս էկոհամակարգին:
Հիշեցնենք, որ նոր կառուցվելիք Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի մի հատված ըստ նախագծի անցնելու է Շիկահողի պետական արգելոցի տարածքով:
Երեկ բնապահպանները նամակ են ուղարկել տրանսպորտի նախարարին` կրկին պնդելով իրենց պահանջները: Նրանք առաջարկում են կազմակերպել հասարակական լսումներ` նախագծողների, անկախ փորձագետների, բնապահպանության ու տրանսպորտի նախարարությունների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: «Տրանսպորտի նախարարը ցինիկ հայտարարություն է արել: Այսօր նա նախարար է, բայց չի՞ մտածում, որ իրենից հետո արգելոցը կկորցնենք: Ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, այո, թող էլի կառուցեն, բայց ոչ արգելոցի տարածքով: Կարելի՞ է խախտել միջազգային կոնվենցիաները եւ ՀՀ օրենքները: Եվ հետո, մի՞թե ռազմավարություն չեն նաեւ բնության եզակի հուշարձանները, որոնց միջոցով հրաշալի տուրիզմ կարելի է զարգացնել: Իսրայելի բյուջեի 70 տոկոսը տուրիզմից է գալիս, իսկ Հայաստանը նրանից ոչնչով պակաս չէ իր բնական ու պատմամշակութային կոթողներով, ուղղակի այս ուղղությամբ պետական քաղաքականություն չի իրականացվում», ասում է Վայրի բնության պահպանության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Եթե, այնուամենայնիվ, նախարարությունը որոշի ավերել արգելոցը, ինչը հավանական է, եւ ինչի օրինակը աչքի տակ ունենք Երեւանի կանաչ տարածքների օրինակով, ապա բնապահպանները մտադիր են բողոքի իրենց ձայնը բարձրացնել աշխարհով մեկ: Դա ոչ միայն միջազգային ատյաններում խայտառակության նոր առիթ է, այլեւ այս ասպարեզում ներդրումներ անողներին խրտնեցնելու սպառնալիք:
Ինչպես «Ազգին» տեղեկացրեց Կարեն Մանվելյանը, այսօր արդեն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը դադարեցրել է ոչ միայն Շիկահողի արգելոցի, այլեւ Խոսրովի անտառի պահպանության եւ նոր պահպանվող տարածքների ֆինանսավորման ծրագրերը, որոնք կազմում էին մոտ 0,5 մլն ԱՄՆ դոլար: Այնպես որ, խաղաքարտի վրա դրված է ոչ միայն Շիկահողի բախտը, այլեւ միջազգային ատյաններում մեր վարկանիշը:
Հիմնադրամը սպասողական վիճակում է, Շիկահողի ճակատագիրը որոշիչ է լինելու նրա հետագա գործունեության համար:
Նոր կառուցվելիք ճանապարհն այլ ուղիով իրականացնելու տարբերակը, ըստ տրանսպորտի նախարարության, 1 մլրդ դրամով ավելի թանկ կարժենա, քան վիճարկվելիքը: Դա Կապան-Շիշկերտ-Մազրա-Շվանիձոր այլընտրանքն է: Բնապահպանները պնդում են, որ իրենց փորձագետների տվյալներով, այդ ճանապարհը, հակառակը, ավելի էժան է նստելու եւ պահանջում են նաեւ անկախ փորձագիտական խումբ, որը նոր հաշվարկներ կիրականացնի:
Բայց նույնիսկ եթե թանկ էլ նստի, Մթնաձորը չպետք է զոհաբերել 1 մլրդ դրամով:
Մեր պաշտոնատարներն այդպես էլ չհասկացան, որ ոչ մի գնով չի կարելի չափել այն ամենը, ինչ պարգեւում է բնությունը մարդուն` ե՛ւ գեղագիտական, ե՛ւ առավել եւս նրա առողջությունը չվտանգելու իմաստով:
Հիշեցնենք, որ նախագծային աշխատանքները մեկնարկել են առանց բնապահպանության նախարարության փորձաքննության, այն դեռ նոր միայն իրականացվում է:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ