ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ, 19 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վերխնյայա Պիշմա քաղաքում (Սվերդլովսկի մարզ) չորեքշաբթի հայտնաբերվել են երեք հայաստանցիների մարմիններ ծեծի բազմաթիվ հետքերով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախնական տվյալներով, նրանք սպանվել են ծեծկռտոցի ընթացքում: Սվերդլովսկի մարզի իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել հայերի եռակի սպանության բոլոր հինգ մասնակիցներին, հաղորդում է «Նովի ռեգիոնը»: Ինչպես հայտարարել են Սվերդլովսկի մարզային դատախազության մամլո ծառայությունում, Ուրալ փող աշխատելու եկած Հայաստանի երեք քաղաքացիներին սպանել են 17-20 տարեկան երիտասարդներ: Նրանք բոլորը Վերխնյայա Պիշմայի բնակիչներ են: Պարզվել է, որ սպանությունները կատարվել են հարբածության վիճակում, նպատակ ունենալով հափշտակել տուժածների ունեցվածքը: Նախաքննությունը քննում է նաեւ կատարված հանցագործությունների այլ տարբերակներ: Սվերդլովսկի մարզի հայ համայնքի ղեկավարությունը արդեն տեղեկացված է հայրենակիցների մահվան հանգամանքների մասին: Գործերի քննությունը վերցված է Սվերդլովսկի մարզի դատախազի հատուկ հսկողության տակ: