«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2005-05-20 | #92, 2005-05-21 | #93, 2005-05-24


ԻՐԱՔՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԱԾ ՌՈՒՄԻՆԱՑԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԱՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ԱՐՁԱԿՎԵԼ

Պաշտոնյաների սպանություններ Բաղդադում

53 օր տեւած արգելափակումից հետո մայիսի 22-ին Իրաքում ազատ են արձակվել ռումինացի 3 լրագրողները եւ նրանց արաբ ուղեկցորդը: Նրանց ազատման լուրը ցնծությամբ է ընդունվել Ռումինիայում: Ֆրանսպրեսը նշում է, որ Իրաքում, սակայն, մնում են տասնյակ ուրիշ պատանդներ, այդ թվում հունվարի 5-ին առեւանգված ֆրանսիացի լրագրողուհի Ֆլորանս Օբնան եւ նրա իրաքցի ուղեկցորդ Հուսեյն Հանուն ալ Սաադին:

Ռումինիայի նախագահ Բրայան Բաշեսկուն լրագրողներին ներկայացուցիչներին հավաստիացրել է, թե երկրի արտաքին քաղաքականությունը չի փոխվելու: Նրա խոսքերով, պատանդների արձակման դիմաց որեւէ փրկագին չի վճարվել:

Երեկ ռումինական օդուժի «Հերկուլես» ռազմափոխադրական ինքնաթիռով նախկին պատանդներին հասցրել են Բուխարեստ: «Ազգը» ժամանակին անդրադարձել էր 3 լրագրողների առեւանգմանը: Նրանցից երկուսը «Պրիմա» հեռուստաընկերության աշխատակիցներ են (լրագրողներ Մարիա Ժաննա Իոն եւ օպերատոր Սորին Միսկոչի): Երրորդը «Ռոմանիա լիբերա» թերթի թղթակից Էդուարդ Օհանեսյանն է: Մարտի 28-ին նրանց առեւանգել էին Բաղդադի արվարձաններից մեկում:

Առեւանգումն իրականացրել էին «Մուադ իբն Ջաբալի բրիգադի» գրոհայինները, որոնք Ռումինիայի իշխանություններից պահանջել էին մինչեւ ապրիլի 27-ն Իրաքից դուրս բերել ռումինացի 860 զինծառայողներինՙ սպառնալով հակառակ դեպքում մահապատժի ենթարկել պատանդներին:

Միաժամանակ հաղորդվում է Իրաքում շարունակվող ահաբեկչությունների մասին: Կիրակի օրն աշխատավայրի ճանապարհին սպանվել է առեւտրի նախարարության հաշվարկային բաժնի պետ Ալի Մուսան: Անհայտ անձինք գնդակահարել են Մուսային եւ նրա վարորդին: Իսկ երեկ առավոտյան անհայտ մի անձնավորություն Բաղդադում գնդակահարել է վարչապետի խորհրդական Վայել ալ Ռուբայիին եւ նրա վարորդին:

Ռոյթեր գործակալության տվյալներով, Իրաքի հյուսիսում Քրդստանի հայրենասիրական միության ղեկավարներից մեկի ավտոմեքենաների շարասյան անցման պահին պայթեցվել է ականված ավտոմեքենա: Զոհվել են 5 եւ վիրավորվել 18 անձինք: Քուրդ ղեկավարը չի տուժել:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4