«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2005-05-20 | #92, 2005-05-21 | #93, 2005-05-24


«ՆԱԻՐԻՆ» ՈՒ «ԴՎԻՆԸ» ՀԻՆ ՀԱՄՈՎ ԵՎ ՆՈՐ ՏԵՍՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է «ՊԵՌՆՈ ՌԻԿԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Անգամ կոնյակ խմելու մշակույթի նրբերանգները որոշող-թելադրող Ֆրանսիայում նկատելի է վիսկի խմելու սովորության հիմնավորվելը: Կոնյակ խմելու մշակույթը վիսկի խմելու սովորությամբ է փոխարինվում նաեւ ողջ Եվրոպայում: Սակայն այս միտումը բոլորովին չի անհանգստացնում «Պեռնո Ռիկար» ընկերությանը, քանի որ Ամերիկայում եւ ասիական երկրներում հակառակ միտում է ընթանում: Եվ օրերս իր գոյության 30-ամյակը նշած ընկերությունը տեղեկացրեց, որ Երեւանի կոնյակի գործարանը նոր հոսքագծի տեղադրման շնորհիվ 25 տոկոսով բարձրացնելու է արտադրողականությունը, եւ այսօր այդ գործարանում արտադրանքի պահանջարկն Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնությունում, Բելառուսում եւ այլ երկրներում այնքան մեծ է, որ ընկերությունը չի կարողանում շուկան ծածկել միաժամանակ: «Պեռնո Ռիկարը» մտադիր է շուկայի ընդլայնումն ուղղել առաջին հերթին դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքի պահանջարկն առաջին հերթին ապահովում են նախկին խորհրդային տարածքից արտագաղթածները, եւ դրանով ապահովել արտադրանքի դուրսբերումն ԱՊՀ տարածքից: Բայց այսօր արդեն այդ ըմպելիքի սիրահարները որակը ոչ թե աստղիկների քանակով, այլ նոր փաթեթավորմամբ եւ դասակարգման նոր համակարգով կարող են պարզել: Երեւանի կոնյակի գործարանի արտադրանքը բաժանվում է երեք դասիՙ սովորական 3-5 տարի հնությամբ, պրեմիումՙ 6-10 եւ սուպեր պրեմիումՙ 15-20:

Նոր փաթեթավորումն ու խմիչքի կարգերի նոր բաժանումն անդրադառնալու են նաեւ գնի վրա: Հայկական շուկայում գինն արդեն բարձրացել է 10 տոկոսով, նույնչափ բարձրանալու է նաեւ արտերկրում: Հայկական ավանդական «Նաիրի» ապրանքատեսակն արդեն իսկ խմիչքի սիրահարներին ներկայանում է նոր փաթեթավորմամբ (թափանցիկ ապակե շիշ, ավելի հեշտ բացվող խցան, նոր ձեւավորում), որը սակայն չի ներառում Արարատ լեռան պատկերը:

Օրերս նոր «Նաիրիի» շնորհանդեսը տեղի ունեցավ Երեւանում եւ հաջորդաբար այդ ապրանքատեսակը կներկայացվի Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում: Եկող տարի շրջանառության մեջ կդրվի «Դվին» ապրանքատեսակըՙ եւս նոր փաթեթավորմամբ, սուպեր պրեմիում կարգով: «Պեռնո Ռիկար» ընկերությունն այժմ խաղողի ընդունման երեք կետեր ունի Հայաստանում եւ մտադիր է բացել եւս մեկը Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Ընկերությունը ծրագրել է նաեւ մի քանի հեկտար խաղողի այգիների ձեռքբերում, որտեղ պետք է մշակվի բարձր բերքատվությամբ խաղողի մշակման եղանակ այդ գործով զբաղվող խաղողագործներին օգնելու նպատակով:

«Պեռնո Ռիկարի» ղեկավարները հավաստիացնելով, որ իրենք ողջունում են առողջ մրցակցությունը, Հայաստանում իրենց մրցակից համարեցին «Գրեյդ Վելի» ընկերությանը, ուկրաինական շուկայում տեղի արտադրանքն է մրցակցում հայկական կոնյակի հետ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4