Թուրքիայի նախագահը Բաքվում
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի գործարկման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար երեկ Անկարայից Բաքու է ուղեւորվել Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Ենթադրվում է, որ արարողությանը կմասնակցեն նաեւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն ու Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, որոնց, ինչ խոսք, նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Սեզերը կունենա երկկողմ հանդիպումներ:
Հատկանշական է, որ մինչ Սեզերն ուղեւորվում էր Բաքու, անգլիական «Ֆայնենշըլ թայմս» թերթը հարկ համարեց գրել. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ահաբեկիչների նշանառության հավանական թիրախն է»:
P.S. «Ֆոտոլուր» գործակալության տրամադրած արխիվային այս լուսանկարը 2002թ. սեպտեմբերի 18-ից է, երբ Ադրբեջանի Սանգաչալ բնակավայրում 1760 կմ երկարությամբ Բաքու-Ջեյհան նավթամուղի առաջին խողովակն էր տեղադրվում: 3,2 միլիարդ դոլար արժողությամբ նավթամուղը լուրջ այլընտրանք կարող է լինել միջին-արեւելյան եւ ռուսաստանյան էներգուղիներին: