Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե ֆրանսիացիների մեծ մասը «ոչ» քվեարկի մայիսի 29-ին կայանալիք եվրոպական սահմանադրության հանրաքվեում, դա «մտահոգիչ գործոն կլինի Հայաստանի համար, քանի որ մենք ականատես կլինենք Ֆրանսիայի դերի եւ ազդեցության նվազմանը եվրոպական կառույցներում, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես Հայաստանի հետ համագործակցության խորացման ջատագով ու պաշտպան»:
Ըստ «Մեդիամաքսի», Վարդան Օսկանյանը նշել է, որ նման արդյունքը հատկապես անցանկալի կլինի Երեւանի համար, «քանի որ մենք նոր-նոր ընդգրկվել ենք եվրոպական նոր հարեւանության քաղաքականության մեջ եւ ակնկալիքներ ունենք Եվրոպայի հետ օրեցօր սերտացող մեր համագործակցությունից»:
Մեկնաբանելով առաջիկա հանրաքվեի համատեքստում ֆրանսահայ մի շարք կազմակերպությունների դիմումը նախագահ Ժակ Շիրակինՙ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների մեկնարկը հետաձգելու պահանջով, Վարդան Օսկանյանն ասել է. «Ես լիովին հասկանում եմ շատ ֆրանսահայերի եւ ֆրանսիացիների մտավախությունը Եվրոմիությանը Թուրքիայի հավանական անդամակցության կապակցությամբ: Մենք նույնպես մեր մտահոգություններն ենք հայտնել եվրոպական չափանիշներին Թուրքիայի «համապատասխանության» կապակցությամբ, մասնավորապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու հարցերում: Սակայն մենք կապ չենք տեսնում սահմանադրության հանրաքվեի եւ Թուրքիայի անդամակցության միջեւ»:
«Ազգի» երեկվա համարում գրել էինք, որ մայիսի 24-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ «Նուվել դ՛Արմենի» հանդեսը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգիչ խորհրդի աջակցությամբ կազմակերպել են բանավեճՙ նվիրված եվրոսահմանադրության առիթով մայիսի 29-ին Ֆրանսիայում կայանալիք հանրաքվեին: Հանրաքվեից առաջ կազմակերպվող այս բանավեճը ֆրանսահայերի համար եվրոսահմանադրության դրական եւ բացասական կողմերը հրապարակավ քննարկելու վերջին հնարավորությունն է: Ֆրանսահայերի ձայնը կարող է վճռորոշ լինել, քանի որ, ըստ վերջին հարցումների, ֆրանսիացիների միայն 49 տոկոսն է կողմ եվրոպական ընդհանուր սահմանադրությանը: