Սամցխե-Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը երեքշաբթի օրը կայացած նիստում, անդրադառնալով Ախալքալաքից ռուսական 62-րդ ռազմակայանի դուրսբերման խնդրին, կոչ է արել «ըմբռնումով մոտենալ կատարված փաստին»: «Ջավախքի բնակչությունը որքան էլ չցանկանա ռազմակայանի դուրսբերումը, պետք է ըմբռնումով մոտենա կատարված փաստին, քանզի խնդրի լուծումը կախված է ռուսական եւ վրացական բարձրագույն իշխանությունների դիրքորոշումներից», վկայակոչելով Ա-ԻՆՖՈ գործակալությանը, հաղորդում է «Ազատությունը»:
«Ճիշտ է, ռազմակայանն Ախալքալաքում որոշակիորեն տնտեսական խնդիրներ էր մեղմում, ինչպես նաեւ թեկուզ հոգեբանական առումով ֆիզիկական անվտանգության երաշխիք էր, սակայն ռազմակայանի դուրսբերումը ջավախքցիները ողբերգություն չպիտի համարեն: Եթե Վրաստանի պետությունն էլ ի վիճակի չլինի ապահովելու ջավախքցիների անվտանգությունը, այս հարցում կարելի է ապավինել միջազգային հանրության եւ միջազգային օրենքների օգնությանը», ասվում է խորհրդի հայտարարությունում:
Նախօրեին ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ Բաթումի եւ Ախալքալաքի ռազմակայանները անվտանգության տեսակետից Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն չունեն: Մոսկվան Թբիլիսիին առաջարկել է ռազմակայանները դուրս բերել 2008 թ. մայիսին, իսկ վրացական կողմը պնդում է մինչեւ 2008 թ. հունվարի 1-ը: