Մայիսի 25-27-ը Ստամբուլում «Բոսֆորի» համալսարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում հրավիրվում է «Օսմանյան հայերը կայսրության անկման շրջանում. գիտական պատասխանատվություն եւ ժողովրդավարության հարցեր» գիտաժողովը: «Ազգը» դեռեւս մայիսի 20-ին, տեղեկացնելով գիտաժողովի մասին, զեկուցողներից առանձնացրել էր Մուրադ Բելգեին, Հալիլ Բերքթային, Սելիմ Դերինգիլին եւ նշել, որ քննարկումների մասնակիցների մեջ էլ առանձնանում են Թաներ Աքչամը, Ֆաթմա Մյուգե Գյոչեքը, Ֆիքրեթ Ադանըրը, ինչու չէ, նաեւ Մեթե Թունչայը:
Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ վերոհիշյալ գիտնականները Հայոց ցեղասպանությունը ճանաչում կամ ճանաչման հակումներ են դրսեւորում եւ բոլորն անխտիր մերժում են ցեղասպանության հարցում պետական ժխտողականությունից բխող թուրքական պաշտոնական թեզը: Ըստ երեւույթին այդ թեզի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն նաեւ գիտաժողովի մյուս մասնակիցները, որ դրա շուրջը երկրում անախորժ աղմուկ է ծավալվել:
Մայիսի 23-ի համարում «Միլիեթն» այդ աղմուկը պայմանավորում է թուրքական պաշտոնական թեզի պաշտպանների եւ գիտաժողովում հրավիրված գիտնականների փոխադարձ մեղադրանքներով, իսկ «Հյուրիեթը» գրում է, որ «հայկական հարցին նվիրված այլընտրանքային գիտաժողովի պատճառով մտավորականներն իրար անցանՙ պատերազմ հայտարարելով միմյանց դեմ չսկսված գիտաժողովի համար»:
Գիտաժողովի կազմակերպիչներին առավելագույն խստությամբ դատապարտել է «Գալաթասարայի» համալսարանի պրոֆ. Իլբեր Օրթայլընՙ մասնավորապես ասելով. «Բոլոր հրավիրվածներն էլ հայտնի թիմից են: Այս պայմաններում անհնար է առողջ քննարկումների անցկացումը: Ինչ-որ տեղ կարելի էր գիտաժողովին չհրավիրել Թուրքական պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուին, սակայն միջազգային իրավունքի գիտակ, պաշտոնաթող դիվանագետ Գյունդուզ Աքթանին չպետք է շրջանցեին: Իրավագիտական հարցերի շուրջը հավանաբար կարծիք է հայտնելու անգլիական փիլիսոփա Մուրադ Բելգեն: Մեր երկիրը ժողովրդավարական է, ով ինչ ուզի անում է»:
Նրան «Ռադիկալի» էջերում պատասխանել էր Բելգենՙ նշելով. «Օրթայլըն ասում է, որ բոլոր հրավիրվածներն էլ հայտնի թիմից են: Այո, ինքն այլեւս հրավիրվածների թիմից չէ, որովհետեւ իր նախասիրությամբ տեղափոխվեց այլ թիմ: Նա անգրագետ անձնավորություն չէ: Հետեւաբար չի կարող չիմանալ, որ իր խոսքերը կեղծիք են: Սակայն նրա կատարած ընտրությունն այլընտրանք չի թողնում»:
Այդ ընթացքում Հալաչօղլուն գիտաժողովի կազմակերպիչներին մեղադրել է «Հայկական սփյուռքի դիրքերն» անցնելու մեջ եւ ասել. «Գիտաժողովին հայկական կողմի տեսակետներն արտահայտողները հրավիրվում են, իսկ եսՙ ոչ: Եթե ես պաշտոնական տեսակետն եմ արտահայտում, ուրեմն իրենք էլ պաշտպանում են սփյուռքի տեսակետները»:
«Հյուրիեթը» նշում է, որ բոլոր քննադատներին գիտաժողովի կազմակերպման հանձնաժողովի անունից պատասխանել է Հալիլ Բերքթայը: Ահա թե ինչ է ասել նա. «Թուրքիայում հայկական հարցի շուրջը տասնյակ տարիներ արտահայտվող պաշտոնական թեզը գրեթե գերիշխող գաղափարախոսություն է դարձել: Մեզանից շատերն անգիր են արել այդ թեզի յուրաքանչյուր նախադասություն: Այդ իսկ պատճառով կարիք չկա, որ Էլեքդաղը կամ Հալաչօղլուն գան եւ նորից «լուսավորեն» մեզ: Պաշտոնական թեզի կողմնակիցները թող թույլ տան, որ մենք գոնե այս անգամ չզբաղվենք այն անհեթեթություններով, որոնց նույնիսկ իրենք չեն հավատում: Մեր երկրում տարիներ շարունակ հայկական հարցին նվիրված գիտաժողովներ են կազմակերպվել: Դրանք բոլորն էլ միակողմանի էին, անկախ պատմաբաններից ոչ մեկին այդ միջոցառումներին չէին հրավիրում: Օրինակ, վերջերս Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարության համատեղ ջանքերով կազմակերպվող գիտաժողովի նախաձեռնողները շեփորահարում էին, որ ինձՙ Հալիլ Բերքթային չեն հրավիրելու: Հետեւաբար պաշտոնական թեզի պաշտպանների դժգոհությունը պետք է ընկալել որպես սեւ հումորի դրսեւորում»:
Ինչ խոսք, գիտաժողովն ու անախորժ աղմուկը համատեղելի լինել չեն կարող: Սակայն երբ գիտաժողովը նվիրված է լինում հայկական հարցին, իսկ աղմուկը բարձրացնում են Թուրքիայի պաշտոնական թեզի պաշտպանները, ապա դրա անհամատեղելիությունը մղվում է երկրորդ պլան, եւ դա դառնում է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության մեջ առաջացած ճեղքվածքի արտահայտություն:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ