«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2005-05-21 | #93, 2005-05-24 | #94, 2005-05-25


«ԶԱՐԹՕՆՔ»-Ի ԲԱՑԱՌԻԿԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾ ԵՂԵՌՆԻՆ

ՌԱԿ պաշտոնաթերթ Բեյրութի «Զարթօնք» օրաթերթի բացառիկը նվիրված էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին: ՌԱԿ մամլո կենտրոնական դիվանից ստացած գրությունը տեղեկացնում է օրաթերթի այդ թողարկման մանրամասների մասին, նշում, որ հակառակ նոսրացող բնակչության, Միջին Արեւելքի հայահոծ գաղութը շարունակում է մնալ հայության պահանջատիրության առաջին դիրքերում:

«Զարթօնքի» բացառիկ թողարկման մեջ Պարույր Աղբաշյանի «Անկորնչելին եւ անժամանցելինՙ Հայկական պահանջատիրական դատը» խմբագրականը Ռամկավար ազատական կուսակցությանՙ վերստին մեր ազգային սուրբ իրավունքներին տեր կանգնելու արձագանքն է: ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Գասարճյանը հանդես է եկել «Նահատակության հիշատակումը եւ կանչը» հոդվածով, որում շոշափված են հայկական իրավունքների պատմական իրականության հարցերը: Բացառիկն ընդգրկում է պատմաբան Զավեն Մսրըլյանի «Դեպի հարյուրամյակ», Գասպար Տերտերյանի «Դարադարձի վերջին 10-ամյակի անհետաձգելի առաջադրանքը», Հայկ Նագգաշյանի «Ֆիլիպ Մարստենի պտույտը հայոց մեջ», Արամ Սեփեթճյանի «Ապրիլյան մորմոք», Ժիրայր Դանիելյանի «Անհրաժեշտ հրամայականը», Ռուբեն Պողոսյանի «Աշխարհը, Թուրքիան եւ մենք», Հակոբ Ադամյանի «Գայանե մորաքույրս», Սարգիս Նաջարյանի «Համագործակցություն եւ համակարգում- այս է 90-ամյակի պատգամը», Օհան Պոտրումյանի «Անմեռ եւ անմար պատգամը, որ կմնա վերածննդի կռվանը», Համբիկ Մարտիրոսյանի «Ցեղին վրեժը», Նվարդ Մադոյան-Տարաքչյանի «Խաբված ժողովուրդը փաստաթղթերի լեզվով», Գեւորգ Խրլոպյանի «Ցեղասպանության գաղափարական երեսները», Սալբի Գասպարյանի, Հակոբ Միքայելյանի, Ռոզեթ Ալեմյան-Մահսերեճյանի, Սիպիլա Մալյան-Փաչանյանի, Զավեն Տիգրանյանի եւ Գեւորգ Յազըճյանի հոդվածները Մեծ եղեռնին եւ Հայ դատին նվիրված:

Անդրադարձ է արված նաեւ Եղեռնի 50-ամյակի առիթով «Զարթօնքի» ավելի քան 1000 էջով լույս տեսած բացառիկին, որը խմբագրությամբ ՌԱԿ անդամ, երախտավոր խմբագրապետ Գերսամ Ահարոնյանի, պատմության մեջ կհիշատակվի իբրեւ Հայ դատին նվիրված վավերական հազվագյուտ հրատարակություններից մեկը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4