Էլի ստորագրահավաք
Ազգային ժողովում հերթական ստորագրահավաքն այս անգամ արտախորհրդարանական նախաձեռնություն էր, նախաձեռնողները` Հյուսիսային պողոտայի, Փ. Բուզանդի, Ե.Կողբացու, Աբովյան, Արամի, Ամիրյան փողոցների բնակիչները: Նրանք «Արդարություն» դաշինքին խնդրում են դիմել սահմանադրական դատարանՙ վիճարկելու 2001-2004 թվականներին կառավարության ընդունած մի շարք որոշումների համապատասխանությունը սահմանադրությանը:
Երեկ ԱԺ շենքի մոտ հավաքվել էին նշված փողոցների բնակիչները: Նրանք բողոքի նամակներ են գրել ամենատարբեր ատյանների, ցույցեր են արել ամենատարբեր մակարդակներով, ստորագրահավաքը վերջին հույսն է: «Հայաստանը հանրապետություն է եւ ոչ թե իրացման ենթակա տարածք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք եւ ոչ թե վտարման ենթակա անձինք», լրատվամիջոցներին ուղարկած հայտարարության մեջ գրում են բնակիչները: Ստորագրահավաքն իրականացնում է ԱԺ պատգամավոր, «Արդարություն» խմբակցության անդամ Վարդան Մկրտչյանը:
Ինչների՞դ վրա եք ուրախանում
Աժ հայտարարությունների ժամին, ինչպես եւ ենթադրվում էր, պատգամավոր ընդդիմադիրները իշխանությանը վերաբերող ամեն ինչի դեմ օրգանական ատելություն արտահայտելու սկզբունքով, վճռականորեն դատապարտեցին շուրջպարի միասնության գաղափարը, ինչն այնքան խնամքով գովազդում են դրա կազմակերպիչ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամները:
«Ինչների՞դ վրա եք ուրախանում», մի տողով այսպես կարելի է արտահայտել «Ազգային միաբանություն» խմբակցության ներկայացուցիչ Ալեքսան Կարապետյանի մեղադրանքը Արագածի շուրջը պարի պատրաստվող իշխանությանը: «Ի՞նչ առիթով, ո՞ր հաջողության համար եք պարում... ստիպում եք, որ ձեր դուդուկի տակ պարի 160 հազար մարդ. լավ ուտելուց հետո ձեզ տեսարաններ են պետք», ասաց նա:
Իսկ Հմայակ Հովհաննիսյանը շուրջպարի արարողությունը զուգադրեց կոալիցիայի հուղարկավորության իր երազանքի հետ: Սգո ծաղկեպսակը ԱԺ միջանցքում տեղադրելու իր հանրահայտ նախաձեռնությունից հետո Հմայակը չի դադարում հանգուցյալների փնտրտուքը:
«Օրինաց երկիրն» ու «կլուբի մեյմունները»
«Ցավոք, պետք է նշեմ, որ մեր քաղաքական ասպարեզում դեռեւս գոյություն ունեն ընդգծված պատվերակատար քաղաքական գործիչներ: Զուրկ լինելով որոշակի բարոյական չափորոշիչներից, կերպարանափոխվելու ֆանտաստիկ կարողություններով օժտված այդ փոփոխական կերպարներն առաջին տեղում են դասում նյութական շահը:
Կան մարդիկ, որոնց ճոռո ելույթները լսելիս ակամա հիշում ես Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի «կլուբի մեյմուններին»: Վերջերս պատվերների կատարման դիմազուրկ ֆիլմաշարում նկատվում է նոր գործող անձանց ներգրավում, որոնք փորձում են մեր կառուցվածքային եւ համակարգային ռեֆորմները տեղափոխել անձնական դաշտ», սա էլ հատված էր «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի բողոք-ինքնագնահատումից:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ