«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2005-05-21 | #93, 2005-05-24 | #94, 2005-05-25


ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ ԲՐԻՆԴԻԶԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՎ 5 ԺԱՄ ԱՆՑ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

Հայաստանը նոտա է հղել Իտալիային

Երեկ, երբ «Կիլիկիա» նավը հանգրվանել էր Իտալիայի հարավի նավահանգիստներից Բրինդիզիում, այդ երկրի ոստիկանությունը ձերբակալել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանին եւ նավապետ Կարեն Բալայանին: Հինգ ժամ տեղական ոստիկանությունում պահվելուց հետո նրանք ազատ են արձակվել:

Տարիներ առաջ ադրբեջանական իշխանությունների պահանջով Զորի Բալայանի անունը մտցվել էր Ինտերպոլի հետախուզվողների ցուցակի մեջ: Բաքվի իշխանությունները շանտաժի միջոցով կարողացել էին կազմակերպությանը համոզել եւ Բալայանին վերագրել մի շարք մեղադրանքներ: 2001 թ. ՀՀ արտգործնախարարության ջանքերով հնարավոր էր եղել նրա անունը հանել հետախուզվողների ցուցակից:

Բրինդիզի նավահանգստում տեղի ունեցածը պետք է համարել թյուրիմացություն: Համենայն դեպս, Իտալիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի արտգործնախարարության անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու շնորհիվ Բալայանները ազատ են արձակվել: Բալայանների ձերբակալության առնչությամբ պաշտոնական Երեւանը նոտա էր հղել Հռոմին: Ենթադրվում է, որ Բալայանների ձերբակալությունը կատարվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի սադրանքներով:

«Ազգին» հաջողվեց հեռախոսակապ հաստատել այասականների հետ, որոնց նավը Բրինդիզիի ափերից հեռացել եւ այժմ լողում էր Արքիմեդի ծննդավայր Սիրակուզա նավահանգստի ուղղությամբ: Նավապետն ասաց, որ Բրինդիզիի ոստիկանապետը ներողություն է խնդրելՙ նշելով, որ այս հարցում մեղավոր են Ադրբեջանն ու Թուրքիան: Ինտերպոլի գլխավոր քարտուղարը զանգահարել է եւ հրամայել ազատ արձակել, քանի որ Զորի Բալայանը վերջնականապես եւ վաղուց հանված է «Կարմիր քարտից»: Գլխավոր քարտուղարն ասել է, որ նման ձերբակալություններով հարված է հասցվում Ինտերպոլի հեղինակությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4