«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2005-05-21 | #93, 2005-05-24 | #94, 2005-05-25


«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՁԵՐԲԱԶԱՏՎԻ ԱՅԴ ՉԱՐԻՔԻՑ»

Ստվերային տնտեսության դեմ պայքարելու վճռականության մասին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Եթե պետությունը վճռական քայլերի դիմի ստվերային տնտեսության դեմ պայքարում, ապա կլինեն ցնցումներ, սակայն այդ չարիքից Հայաստանը պետք է ձերբազատվի: Երեկ, ներկայացնելով Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը, նման կարծիք հայտնեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Սակայն նախ հաշվետվության մասին:

Դրամի արժեւորումը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի վրա

Անցյալ տարվա Կենտրոնական բանկի գերխնդիրը ծրագրված 3 տոկոս գնաճի պահպանումն է եղել, որը տարեվերջին կազմել է 2 տոկոս: Համախառն ներքին արդյունքի աճն էլ ծրագրված է եղել 7 տոկոս, կազմել է 10,1 տոկոս: Առավել մեծ աճ արձանագրած տնտեսության ճյուղերից ԿԲ նախագահը թվարկեց գյուղատնտեսությունը, ծառայությունները եւ շինարարությունը: Արդյունաբերության տեսակարար կշիռն, ընդհակառակը, նվազել է, ինչը պայմանավորվեց կառուցվածքային փոփոխություններով:

Ֆինանսական հատվածի վերաբերյալ նշվեց, որ ազգային արժույթի արժեւորման նույն գործընթացներն են արձանագրվել նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրներում: ԿԲ նախագահը ավելացրեց, որ դրամի արժեւորումը չի կարող ազդել տնտեսական աճի վրա: Ավելին, ապահովում է կայուն միջավայր, ինչը պարտադիր պայման է տնտեսական աճի համար:

Բացի արտաքին գործոններից, դրամի արժեւորման վրա ազդեցություն են թողել նաեւ ներքին գործոնները: Մասնավորապես, վերջին 5 տարիներին արձանագրվել են կայուն տնտեսական միջավայր եւ տնտեսական աճ, վերջին 7 տարիներինՙ միջին 2 տոկոս տարեկան գնաճ: Այնուհետեւ, 2004 թ. կտրուկՙ 45 տոկոսով աճել են մասնավոր փոխանցումները, որը նույնպես իր ազդեցությունն է թողել փոխարժեքի վրա:

Բանկային համակարգն անցյալ տարի ունեցել է աննախադեպ շահութաբերություն, որը Կենտրոնական բանկի նախագահը պատճառաբանեց նրանով, որ բանկերն առողջ են, աշխատում են թափանցիկ եւ չեն կարող իրենց շրջանառությունը թաքցնել վերահսկողից եւ հասարակությունից:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց «Արժութային վերահսկողության մասին» նոր օրենքի կիրառումը, որը հնարավորություն կտա մոտակա երեք տարիներին նվազեցնել դոլարի զանգվածը եւ ավելացնել դրամի զանգվածը, այսինքնՙ նվազեցնել Հայաստանի խոցելիությունը: «Կանխիկ գործառնությունների մասին» օրենքն էլ կոչված է վերահսկելու կանխիկ հոսքերը եւ նվազեցնելու ստվերայնությունը: Երրորդ կարեւոր օրենքն այս շարքում փողերի լվացման եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի դեմ պայքարելու մասին փաստաթուղթն է:

Ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար անհրաժեշտ է իշխանությունների քաղաքական կամքը

«Ազգի» այն հարցին, որ նկատի ունենալով համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկային եկամուտների գրեթե անփոփոխ մնալը, բավարա՞ր են միայն օրենսդրական փոփոխությունները ստվերային տնտեսության դեմ պայքարելու համար եւ արդյոք առավել կարեւորը իշխանությունների քաղաքական կամքի առկայությունը չէ՞, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ քաղաքական կամք անշուշտ պետք է դրսեւորվի: Դրա համար հարկ է նաեւ ձեւավորել հասարակական կարծիք, ըստ որի հարկերը չվճարելը դատապարտելի երեւույթ է, այլ ոչ թե հակառակը: Այդ դեպքում քաղաքական կամք դրսեւորելն ավելի հեշտ կլինի:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ ԿԲ գնահատականով մեր տնտեսության ստվերայնությունը 35-40 տոկոս է, իսկ կանխիկ շրջանառվում է 1 մլրդ դոլարից ավելի գումար: Դրա զգալի մասը ներքաշված է ստվերային տնտեսության մեջ:

Փոխանակման կետերը մեծածավալ կանխիկ գործառնություններ են կատարում

Ծիծաղելի եւ անհեթեթ են այն պնդումները, թե Կենտրոնական բանկը «չենջերի» գումարները ցանկանում է տանել բանկեր: Պատասխանելով լրագրողի հարցին, ասաց Տիգրան Սարգսյանը: Նա հայտնեց, որ մեծ մարդկային եւ նյութական ռեսուրսներ են ներդրվել բանկային համակարգի կայացման համար, ինչի արդյունքներն այսօր ակնհայտ են: Այժմ անցում է կատարվում բարեփոխումների երկրորդ փուլին, որն առնչվելու է փողերի փոխանցումով զբաղվողներին, փոխանակման կետերին, դիլերներին: Այստեղ կարգուկանոն է հաստատվելու եւ լսվելու են դժգոհություններ:

Փոխանակման կետերի կանխիկ գործառնությունների ծավալներն ավելին են, քան բանկերինը: Նման երեւույթ աշխարհում չկա: Մինչդեռ փոխանակման կետերը պարտավոր են սպասարկել միայն քաղաքացիներին, իսկ փոխանակման միջազգայնորեն ընդունված առավելագույն չափը մեկ անձի համար 300 դոլարից չպետք է անցնի: Մինչդեռ բոլորն են ականատես, թե նրանք ինչպես են հրաժարվում փոխանակել քաղաքացիների գումարները:

Անցյալ տարի ԿԲ կատարած ստուգումների արդյունքում համատարած խախտումներ հայտնաբերվեցին: Փոխանակման կետերը զգուշացվեցին, որ հաջորդ անգամ ավելի խիստ են լինելու նրանց հանդեպ: Սակայն այդքանից հետո դարձյալ հայտնաբերվեցին խախտումներ, ինչը բացառվում է ներդրված ծրագրերից օգտվելու դեպքում: Հենց փոխանակման կետերի աշխատակիցների եւ ոչ միայն նրանց կյանքի համար ռիսկային է նման խոշոր գումարների առկայությունը այդ կետերում:

Արտահանողները պետք է ապահովեն բարձր որակ եւ արտադրողականության աճ

Այլ ճանապարհ արտահանման զարգացման համար Տիգրան Սարգսյանը չի տեսնում: Առաջարկվող տարբերակը, ըստ որի արտահանողներին աջակցելու համար հարկ է անցնել ֆիքսված փոխարժեքի քաղաքականությանը, կհանգեցնի գների բարձր աճին եւ ժողովրդի աղքատացմանը: Սա նշանակում է ժողովրդի հաշվին պետական սուբսիդավորում արտահանողներին: Արդյո՞ք արտահանողներն այնքան թափանցիկ կամ այնպիսի ցածր շահույթով են աշխատում եւ 20 տոկոս դրամի արժեքավորումն այնքան ծանր բեռ է, որ պետությունն այդ բեռը դնի ժողովրդի վրա: Այս հարցադրումը կատարեց ԿԲ նախագահը, նշելով, որ խոսքն ընդամենը արտահանողների եկամուտների որոշակի նվազման մասին է, ինչի պատճառով էլ բարձրացվում է ԿԲ քաղաքականությունը փոխելու հարցը:

Ինչ վերաբերում է ներմուծողների կողմից ապրանքների գները չիջեցնելուն, ապա ԿԲ նախագահը նշեց, որ եթե նրանց ապրանքները վաճառվում են, բնական է, որ գները չեն իջեցվի: Կենտրոնական բանկը գնանկում թույլ տալու խնդիր չունի: Երբ դա տեղի է ունենում, ավելացվում է փողի զանգվածը: Սակայն այլ խնդիր է, որ եթե ներմուծողները գերշահույթներ են ստանում, ապա նրանք ավելի շատ հարկեր պետք է վճարեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4