Ծխելու հետեւանքով աշխարհում տարեկան 5 մլն մարդ է մահանում
Ծխելու համաճարակը հանրության առողջության գլխավոր սպառնալիքներից է, որի դեմ այսօր պայքարում է ամբողջ աշխարհը:
Հանրային առողջության հայկական ալյանսը (ՀԱՀԱ) եւ բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը երեկ «Ապագա առանց ծխախոտի» նշանաբանով կազմակերպել էին քննարկումՙ նվիրված մայիսի 31-ինՙ ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Առողջության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանում ծխախոտի օգտագործման պատճառով տարեկան մահանում է մոտ 2000 մարդՙ 35-69 տարիքային խմբում: Տղամարդկանց շրջանում ծխելու տարածվածության ցուցանիշով (63,7 տոկոս) Հայաստանը եվրոպական տարածաշրջանում զբաղեցնում է առաջին տեղը, իսկ ծխելու հետեւանքով մահացության ցուցանիշով (22 տոկոս)ՙ երրորդ տեղը, Մոլդովայից եւ Հունգարիայից հետո:
Այս ցուցանիշներն աննախադեպ բարձր են, ավելի, մինչեւ 2030 թ. հնարավոր է, որ ծխելու համաճարակը աշխարհում տարեկան խլի 10 մլն կյանք: Նման իրավիճակը ենթադրում է լուրջ պայքար, որն արդեն կիրառվում է բազմաթիվ երկրներում: ՀՀ առողջապահության նախարարության եւ առողջապահության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը հաստատեց ասվածըՙ նշելով, որ հակածխախոտային պայքարը հանրային հնչեղություն ունի:
Մարտի 2-ից կիրառության մեջ է մտել ծխախոտի մասին ՀՀ օրենքը, որը ենթադրում է նաեւ ծխելու արգելումը բժշկական եւ կրթական հաստատություններում: Բայց թե որքանով են պահպանվում այդ կետերը, առայժմ դժվար է ասել: «Ամենադրական վիճակն առողջապահական կենտրոններում է, իսկ կրթական հաստատություններում դեռ մեծ աշխատանք պետք է տարվի», նշեց ՀԱՀԱ-ի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանը:
Քննարկման կազմակերպիչները հատուկ ընդգծեցին, որ տեղեկացվածության ցածր մակարդակը եւս շատ է նպաստում ծխողների աճի ավելացմանը:
Հանդիպմանը ներկայացվեց նաեւ «Կյանք առանց ծխախոտի» ֆիլմը, որը կցուցադրվի հեռուստատեսությամբ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ