«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#96, 2005-05-27 | #97, 2005-05-28 | #98, 2005-05-31


ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԻՄԱՑ

Բանակցային գործընթացն արագացվում է երկու ուղղություններովՙ զինված ուժերի դուրսբերում ԼՂ հարակից շրջաններից եւ ԼՂ ապագա կարգավիճակ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարշավյան հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում երեւում են նոր հնարավորություններ: Վարդան Օսկանյանի խոսքերով, ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում կա օրակարգՙ հինգ, տասնհինգ հարցեր, եւ «այդ օրակարգի առաջընթացի դեպքում այն կարող է դառնալ փաթեթ»: Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԼՂ կարգավիճակի եւ ԼՂ հարակից տարածքները վերադարձնելու, փախստականների վերադարձի, անվտանգության երաշխիքների հարցերն ամուր փոխկապակցված են:

Արտգործնախարարը կարծում է, որ կարգավորման գործընթացի առանձին տարրերի հրապարակային քննարկումը կարող է դառնալ թյուրիմացությունների պատճառ եւ վնասել բանակցություններում դրական տեղաշարժերին, որոնք արձանագրվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո: Այս մասին Օսկանյանն ասաց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավարության եւ արտերկրում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան խորհրդաժողովից առաջ եւ հետոՙ լրագրողների հետ զրույցում:

Քոչարյանի եւ Ալիեւի վարշավյան հանդիպումից հետո Երեւանը եւ Բաքուն լավատեսական հայտարարություններ են անում, ճիշտ էՙ ընտրողաբար: Այսպես, եթե հայկական կողմը նշում է, որ որոշ դրական տեղաշարժ է արձանագրվել ԼՂ կարգավիճակի հարցում, ապա ադրբեջանական կողմը շեշտը դնում է ԼՂ-ի հարակից 7 շրջանների վրաՙ պնդելով, թե Երեւանը պատրաստ է դրանք վերադարձնել: Ուշագրավ է Մինսկի խմբի միջնորդներից մեկի մեկնաբանությունը: Ֆրանսիացի Բեռնարդ Ֆասիեն ասել է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացն արագացվում է երկու ուղղություններովՙ զինված ուժերի դուրսբերում ԼՂ հարակից շրջաններից եւ ԼՂ ապագա կարգավիճակ:

Մայիսի 26-27-ը Մինսկի խումբը Բաքվում հանդիպումներ է ունեցել պաշտպանության եւ արտգործնախարարներ Սաֆար Աբիեւի ու Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ «չնախատեսված հանդիպում»ՙ Իլհամ Ալիեւի հետ: Բանակցություններից միջնորդների դրական տպավորությունների մասին արտահայտվել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովըՙ դրանք որակելով կառուցողական: Ըստ «Մեդիամաքսի», Մերզլյակովը «շատ կարեւոր» է անվանել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումն Իլհամ Ալիեւի հետ:

«Մեր վերջին ուղեւորությունը Բաքու միջնորդների տարածաշրջան կատարվող ավանդական այցերի շարքից չէր, դա նպատակային այց էր Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման համար: Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի նախագահին, որը համանախագահներին ընդունելու ժամանակ գտավ: Մենք ունեցանք շատ հետաքրքրական եւ կարեւոր զրույց, որը թույլ է տալիս հուսալ, որ գործընթացը հետագայում եւս զարգանալու է կառուցողական հունով», ասել է ռուս դիվանագետը:

Եթե Երեւանն ու Բաքուն, ինչպես նաեւ միջնորդները չափավոր լավատեսություն են հայտնում կարգավորման ներկա փուլի առնչությամբ, ապա նույնը չի կարելի ասել Ստեփանակերտի մասին: ԼՂՀ արտգործնախարարը, անդրադառնալով վարշավյան բանակցություններին, ասել է, որ դրանք մեծ հետաքրքրություն էին առաջացրել, սակայն ինչ վերաբերում է արդյունքներին, ապա «որեւէ հստակ տեսանելի արդյունք չի արձանագրվել»: «Համանախագահները պնդում են, որ կա առաջընթաց: Արտգործնախարարները կարծում են, որ կարելի է խոսել առաջընթացի մասին, սակայն որն է այդ առաջընթացըՙ դեռեւս պարզ չէ: ԼՂ խնդրի հետ կապված որեւէ զարգացում կամ որեւէ նախնական պայմանավորվածություն չեն կարող կենսագործվել առանց ԼՂ ժողովրդի համաձայնության եւ մասնակցության, առանց հարցերը ԼՂՀ իշխանությունների հետ քննարկելու: Այդ իմաստով մենք պետք է հանգիստ լինենք, սպասենք գործընթացի տեսանելի արդյունքների: Առայժմ այդ արդյունքները չկան: Կան փոխադարձ լավատեսական հայտարարություններ, եւ եթե դրանք հիմք ունեն, վատ չէ», ասել է Արման Մելիքյանը:

Այս հայտարարությունը կարելի է երկու կերպ մեկնաբանել: Երեւանը Ստեփանակերտի միջոցով ազդանշաններ է ուղղում միջնորդներին, ըստ որի կարգավորման հարցում առաջին հերթին կարեւոր է ԼՂ ժողովրդի եւ ԼՂՀ իշխանությունների տեսակետները, կամ որոշակի հակասություններ կան Երեւանի եւ Ստեփանակերտի դիրքորոշումներումՙ մեթոդաբանության հարցում: Հստակ է առնվազն մեկ բանՙ կարգավորման գործընթացում Ղարաբաղը վերածվել է օբյեկտի, այսինքնՙ վեճի առարկայի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4