Ռահիմ Ղազիեւը պատմում է, թե ինչպես էին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները թալանում-վաճառում հայերի ունեցվածքը
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարներից Ռահիմ Ղազիեւը, որը պետական դավաճանության մեղադրանքով շուրջ 10 տարի անցկացրեց բանտում եւ ընդամենը 2 ամիս առաջ ներում ստացավ, «Իրական Ադրբեջան» էլեկտրոնային թերթի վերջին 3 համարներում տված հարցազրույցում ուշագրավ մանրամասներ է պատմում, թե ինչպես դավաճանաբար հայերին հանձնվեցին Շուշին եւ Լաչինը, ինչպես Խոջալուի բնակիչները դարձան Բաքվի խարդավանքների զոհը, ինչպես էին բարձրաստիճան պաշտոնյաները ծախում հայկական բնակավայրերի, մասնավորապես Մարտակերտի շրջանի ունեցվածքը: Անշուշտ, Ղազիեւի մեկնաբանություններին պետք է վերաբերվել վերապահումներով: Հավանաբար ընթերցողին իր պատմածները համոզիչ դարձնելու նպատակով Շուշին դավաճանաբար հայերին հանձնելու մեջ մեղադրված նախկին նախարարը հաճախ է օգտագործում «երդվում եմ ալլահով», «երդվում եմ հորս գերեզմանով» եւ նմանօրինակ արտահայտություններ:
Այն բանից հետո, երբ «մայիսի 9-ին մերոնք փախան Շուշիից», Ղազիեւը մեկնում է Մոսկվաՙ Պավել Գրաչովի մոտ. «Երդվում եմ ալլահով, ես նրա առաջ ծնկի իջա եւ սկսեցի աղաչել. «Փաշա՛, մենք չենք ցանկանում կռվել ռուսների դեմ: Մենք տեխնիկա չունենք, մեզ զինամթերք վաճառի»: Երկար զրույցից հետո նա զանգահարեց չորրորդ բանակի հրամանատարին եւ հրամայեց. «Մինիստր Ղազիեւին փոխանցիր 10-ական տանկ եւ զրահամեքենա»:
Պավել Գրաչովը, որը հայկական իրականության մեջ ընկալվում է որպես հայ ժողովրդի բարեկամ, Ղազիեւի պատմելովՙ 1992 թ. մայիսին Շուշիի անկումից հետո զինամթերքով եւ զինվորականներով օգնել է Ադրբեջանին, մասնավորապես Ադրբեջանում տեղակայված 4-րդ բանակի 37 սպաներ են նախապատրաստել շուրջ 2700 ադրբեջանցիներիՙ Շուշին հետ գրավելու համար:
Ղազիեւն ուշագրավ մանրամասներ է պատմում 1992 թ. մայիսի 15-ին Տաշքենդում տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովից: «Նիստին մասնակցում էր նաեւ Բորիս Ելցինը: Առաջին ընդմիջումից հետո Ելցինը, Բարանիկովը եւ Տեր-Պետրոսյանը միասին դուրս եկան ճեմասրահ: Ելցինը գրկախառնվեց Տեր-Պետրոսյանի հետ, բարձրաձայն ծիծաղեց եւ բացականչեց. «Լեւոն Հակոբովիչ, տեսնո՞ւմ ես, թե ինչպես այդ թուրքերին ծնկի բերեցի»: Հիշեցնենք, որ իշխանությունից հեռացված Մութալիբովը հենց այդ օրերին ընդամենը 1 օրով ռուսների օգնությամբ բերվեց իշխանության:
Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ ինչպես Շուշիի, այնպես էլ Լաչինի դեպքում տեղի է ունեցել դավաճանություն, եւ հայերը քաղաքը գրավել են չհանդիպելով դիմադրության: Նա պնդում է, որ այդ ամենի պատճառը Ադրբեջանում շարունակվող իշխանության կլանային պայքարն էր. «Հիշո՞ւմ եք, 1992 թ. խորհրդարանում վեճ սկսվեց Էթիբար Մամեդովի եւ Իսա Գամբարի միջեւ: Մամեդովը մեղադրեց Գամբարին եւ սպառնաց. «Ափերից ինձ մի հանիր, թե չէ կպատմեմ Շուշին հանձնելու մասին»: Իսկ Գամբարը նրան պատասխանեց. «Իսկ ես կբացեմ Լաչինի հարցը»:
«Հետաքրքրական է, որ ժողճակատի իշխանության գալուց 2 ամիս անց ադրբեջանական բանակը հաղթական գործողություններով հասավ Ստեփանակերտի մատույցներ: Շուրջ 2 շաբաթ մեր զորքերը դիմացան Մարտակերտում, բայց Ստեփանակերտի վրա գրոհի հրաման չտրվեց: Դուք հարցնում եքՙ ո՞վ եւ ինչո՞ւ կանգնեցրեց մեր բանակի հաղթական երթը: Ես չգիտեմ: Հունիսի 17-ին մենք ազատագրեցինք Մարտակերտը: Թվում էր, հաղթանակը շատ մոտ է: Ստեփանակերտից 8 կմ էինք հեռու... Առանց իմ մասնակցության Էլչիբեյը, Գամբարը եւ Փանահ Հուսեյնովը Մարտակերտում խորհրդակցություն անցկացրին: Իսկ Իսկենդեր Համիդովը եւ Նաջմեդթին Սադիխովը ծախում էին Մարտակերտի գույքը: Ինչո՞ւ Համիդովի եղբայրը Մարտակերտում վեճի բռնվեց Սուրեթ Հուսեյնովի հետ, որի պատճառով հետագա գրոհը ձախողվեց: Մարտակերտի գույքի պատճառով», ասում է Ղազիեւը:
Պաշտպանության նախկին նախարարը պնդում է, որ «Ղարաբաղը դարձավ իշխանության պայքարի զոհը», եւ Ժողճակատի ղեկավարության մեծ մասը, այդ թվում եւ Էլչիբեյը, ջանում էր իշխանության բերել Հեյդար Ալիեւին:
Հարցազրույցի երկրորդ մասում, ինչպես թարգմանաբար ներկայացրել էինք «Ազգի» նախորդ համարում, Ղազիեւը նշել էր, որ «Խոջալուում Մութալիբովի համար թակարդ էր պատրաստվել», որպեսզի նա իշխանությունից հեռացվի: Ղազիեւը պնդել էր, որ ադրբեջանցիները չօգտագործեցին հայերի տված միջանցքը եւ խոջալուցիներին ուղեկցեցին սխալ ճանապարհով:
Թ. Հ.