Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո սիրիական ներկայությունից ձերբազատ առաջին խորհրդարանական ընտրություններում, Բեյրութի ընտրաշրջանում բացարձակ հաղթանակ տարավ սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդինՙ Սաադ Հարիրին: Ըստ 2000 թ. ընտրական օրենքով տեղի ունեցած ընտրություններում Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կարող են ընտրվել բոլոր դավանանքներին պատկանող լիբանանցիների ձայներով: Կիրակի օրը տեղի ունեցած առաջին փուլի ընտրություններում կրկին խորհրդարանի պատգամավորներ դարձան Հակոբ Գասարճյանը (ՌԱԿ), Եղիա Ջերեջյանը (ՍԴ հնչակյան կուսակցություն), Ժան Օղասաբյանը (անկախ), Սերժ Թուրսարգիսյանը (Մեթն):
Թեժ պայքար է սպասվում առաջիկա կիրակի օրը տեղի ունենալիք Լեռնալիբանանի ընտրություններում, որտեղ հանդես են գալիս տարբեր քրիստոնյա եւ դուրզի քաղաքական հոսանքների պատկանող, ինչպես նաեւ հայկական (ՀՅԴ) քաղաքական ուժեր: Այստեղ վճռորոշ դեր են խաղալու միայն վերջերս վտարանդիությունից Լիբանան վերադարձած գեներալ Միշել Աունի կողմնակիցների ձայներըՙ մի կողմից Նեսիբ Լահուդի եւ Ամին Ժեմայելի միացյալ ընտրացանկի, մյուս կողմիցՙ Միշել Ալ-Մուրի եւ ՀՅԴաշնակցության իշխանամետ ընտրացանկի միջեւ: Հերթականորեն ընտրությունները շարունակվելու են հյուսիսում, Բեքաայում եւ հարավում, որտեղ սիրիամետ ուժերը վստահ հաղթանակ կարող են տոնել:
Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններին ՀՅԴ-ն չէր մասնակցում, բողոքելով գործող ընտրական օրենքի դեմ: