Ճանապարհ` տաղանդավոր երիտասարդներին
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի եւ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի այս ձեռնարկը նպատակ ունի հայտնաբերել 16-32 տարեկան տաղանդավոր ջութակահարների, նրանց համար ճանապարհ բացելու միջազգային բեմերում:
Բացման խոսքում մրցույթի կազմկոմիտեի նախագահ Սերգեյ Սարաջյանը կանաչ ճանապարհ մաղթեց երիտասարդ կատարողներին եւ համոզմունք հայտնեց, որ մրցույթն անաչառ կլինի, քանի որ ժյուրին պրոֆեսիոնալ է: Ֆրանսիայի, Խորվաթիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի մասնագետները մրցույթի 6 օրերին երեք փուլով կգնահատեն Հայաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքմենստանի եւ Չինաստանի 19 ներկայացուցիչներին:
Սերգեյ Սարաջյանի գնահատմամբ, մրցույթը կրելով բոլոր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկիՙ Արամ Խաչատրյանի անունը, պատասխանատվության դրոշմ է դնում կազմկոմիտեի, ժյուրիի անդամների, մասնակիցների եւ նրանց ուսուցիչների վրա: Մրցույթը հավակնում է դառնալ միջազգային մրցույթների ամենաբարդ չափանիշներին համապատասխանողներից մեկը:
Կազմակերպիչները նշում են, որ 2003 թ. մեծ կոմպոզիտորի 100-ամյակի շրջանակներում կազմակերպված դաշնակահարների մրցույթը ցույց տվեց, որ այսօր էլ մեզանում շատ են տաղանդավոր երիտասարդները, որոնց պարզապես օժանդակություն է հարկավոր: «Դասական երաժշտությունը միշտ եղել է ավելի ծանր վիճակում, քան շոու բիզնեսն ու էստրադային երաժշտությունը, ասաց Սերգեյ Սարաջյանը: Այս իմաստով միշտ էլ պետական հովանավորություն է եղել: Այսօր այս մրցույթի ընդհանուր ծախսերի մոտ 80 տոկոսը հոգում է ՀՀ կառավարությունը»:
Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը նշեց, որ այս միջոցառումն օգնում է մեզ մեր նորօրյա դիմագիծը ներկայացնել ողջ աշխարհում: «Աշխարհի հանրահայտ մրցույթների կողքին սա ենք կազմակերպում, որի համար, անշուշտ, հպարտ ենք»: Ժյուրիի նախագահ Կարեն Խաչատրյանը, որ մեծանուն կոմպոզիտորի եղբորորդին է, խոստովանեց, որ միջոցառման մեկնարկին հուզվում է: Նա հանդիսականներին ներկայացրեց Արամ Խաչատրյան մարդու կերպարը, նրա հարուստ ներաշխարհն ու մարդկային արժանիքները:
Կազմակերպիչների գնահատականով, եթե 7-8 տարի առաջ նման մրցույթների մասին խոսակցություններն անիրական էին թվում, ապա այսօր վստահորեն կարող ենք ասել, որ այս ասպարեզում հաջողություններ ենք գրանցում:
Ժյուրիի անդամ, Խորվաթիայի ներկայացուցիչ Ինո Միրկովիչը բազմիցս է մասնակցել միջազգային մրցույթներին: Այն հարցին, թե ինչպե՞ս են ապահովելու մրցույթի օբյեկտիվությունը, երաժշտագետն ասաց, որ պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներից ոչ ոք չի խաղա իր անվան հետ: «Մենք կընտրենք այն կատարողներին, ովքեր ի վիճակի են ողջ աշխարհում ներկայացնել իրենց եւ մեզՙ իբրեւ ժյուրիի»:
Շնորհավորանքներին եւ ջերմ խոսքերին հաջորդեց վիճակահանությունը, որով պարզ դարձավ մասնակիցների ելույթների հերթականությունը: Մրցույթի առաջին մասնակիցը Հայաստանը ներկայացնող ջութակահար Գեւորգ Ղարաբեկյանն է: Բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Հայֆիլհարմոնիայի նվագախմբի համերգով, որին մասնակցեց մենակատար կանադահայ Քետրին Մանուկյանը:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ