ԹԲԻԼԻՍԻ, 30 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն շանսոնիե Շառլ Ազնավուրին շնորհվել է Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչում, որտեղ ծնվել եւ ապրել է նրա հայրը եւ որտեղ թաղված են նրա պապն ու տատը: Մայիսի 29-ին երգիչը երեք ժամ եղել է այդ քաղաքում: Շրջանային իշխանությունների ներկայացուցիչները պաշտոնական իրադրության մեջ նրան են հանձնել այդ կոչումը հաստատող փաստաթուղթը: Ազնավուրը այցելել է այն վայրը, որտեղ ապրել են իր նախնիները. ընտանիքին պատկանող տունը չի պահպանվել: Երգիչը եղել է նաեւ տեղի հայկական դպրոցում: Ի պատիվ նրա կայացել է ինքնագործ կոլեկտիվների համերգ: Հռչակավոր երգիչը եւ կոմպոզիտորը հայտարարել է, որ «շատ զգացված է ջերմ ընդունելությունից Վրաստանում եւ շատ ուրախ է, որ հաջողվեց լինել Ախալցխայում»: Ազնավուրի ընտանիքը եւ իր հայրը մոտ 100 տարի առաջ Վրաստանից մեկնել են Հունաստան, այնտեղից Ֆրանսիա, որտեղ էլ 81 տարի առաջ ծնվել է Շառլը: Թբիլիսիում Ազնավուրին ընդունել է Վրաստանի նախագահ Սաակաշվիլին: