Լույս է տեսել Գարեգին Ապարանցու (Հարությունյան) նորՙ «Բաշ-Ապարանի հրաշափառ ճակատամարտը» գիրքը, որում ամփոփված է երկու պոեմՙ նվիրված 1918 թվականի հերոսամարտին եւ զորավար Դրաստամատ Կանայանին («Այր մի անվեհեր, անունըՙ Դրո»): Որքանով է հաջողվել հեղինակին ճշմարիտ ու պոետական լուծել պատմական անցքերը, կասի ընթերցողը: Բայց, ամեն դեպքում, քնարական բանաստեղծի շունչն ամեն մի տողում զգացվում է:
Դեռ 2001 թվականին Գարեգին Ապարանցու պոեզիան գնահատելիս բանաստեղծ, գեղանկարիչ, Հայաստանի «Մշակույթ» ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը «Լույսի պատարագ» գրքի նախաբանում ասել է. «Նա լուսե բառերից, նուրբ ու զգայուն հույսի թելերից երգեր է հյուսում խելագար դարի կրակների մեջ այրվողների համար»: Այո, դժվար է, մեր խելագար ժամանակներում պահել արվեստագետի ամբողջական ինքնությունը. գայթակղությունները շատ են: Ի պատիվ Գարեգին Ապարանցու ասենք, որ նա, չդավաճանելով քնարական բանաստեղծի ինքնությանը, պատմական իրադարձություններ պահանջող իր այս երկու պոեմներում կարողացել է ճշգրիտ պատմագրի ունակությունը սերտորեն հանգուցել բանաստեղծության ոգեղենությանը:
Հայ ժողովրդի համար իսկապես ճակատագրական Բաշ)Ապարանի ճակատամարտը ներկայացված է իր հիմնական մասնակցովՙ ժողովրդով: Ե՛վ հրամանատարը, ե՛ւ նրա օգնականները, ե՛ւ ճակատամարտի մասնակիցները լիիրավ տերն են այս հաղթանակի: Գարեգին Ապարանցին ժողովրդական բանահյուսությունըՙ ասքը, միֆականը կարողացել է հմտությամբ հանգուցել պատմական հենքինՙ չմեղանչելով ոչ պատմության, ոչ էլ բանաստեղծության դեմ:
Ս. ԳԱԼՈՅԱՆ