Քաղաքապետարանը մտադիր է վերահսկել նաեւ 10-րդ դասարանների վիճակը
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 205 կրթական հաստատություններում հաշվարկվում է 132 հզ. 54 աշակերտ, 10 հզ. 283 ուսուցիչով: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը վերջին զանգի արարողություններից հետո փորձեց ավարտական վերագնահատումներ անել:
Դպրոցական տարեշրջանի ավարտին 240 ժամ բացակայած 14 աշակերտներ հեռացվել են դպրոցից: Հաջորդ տարի նրանք հարկադրված կլինեն քննություններ հանձնել նաեւ բացակայած առարկաներից:
Այս տարվա ոսկե մեդալակիրները չեն օգտվի որեւէ արտոնությունից: Սա բուհական քննաշրջանի ամենագլխավոր նորույթն է, որ արդեն իսկ ներգործել է կրթական համամասնությունների վրա: Անցած տարվա 52-ի փոխարեն այս ուսումնական տարվա շրջանավարտներից միայն 26-ն են մեդալի հավակնորդներ: Ոսկե մեդալի մրցավազքը դադարել է:
Մեդալակիրները հայոց լեզվից եւ մաթեմատիկայից կենտրոնացված քննություններ կհանձնեն Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, քաղաքապետարանի ստեղծած հատուկ հանձնաժողովի մասնակցությամբ: Նմանատիպ հանձնաժողովներ կստեղծվեն նաեւ մարզերում:
Մինչեւ նոր ուսումնական տարվա սկիզբը, ըստ փոխքաղաքապետի, դպրոցներում 952 մլն դրամի հիմնանորոգման աշխատանքներ կկատարվեն: 152 մլն դրամ էլ տրամադրվել է դասասենյակների նորոգման ու ընդլայնումների համար:
Կամո Արեյանն անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովի կողմից այս տարի դպրոցներում իրականացվող աղմկահարույց այցելություններին: Այժմ ստուգումներն ավարտվել են թիվ 139 եւ 64 դպրոցներում: Սրանց տնօրինությունների մեղքը ուսումնական պլանների, մատենավարման, ֆինանսական ոչ ճիշտ գործառույթներ իրականացնելն է:
Նախորդ կիսամյակում այս հետազոտությունների արդյունքում 6 տնօրեններ ազատվեցին աշխատանքից, եւս 3-ը նկատողություն ստացան: Այդ հաստատություններում հայտնաբերվել են ֆինանսական կոպիտ խախտումներ 200.000-500.000 դրամի սահմաններում: Որոշ գործերի նկատմամբ դատախազությունում գործեր են հարուցվել:
Ֆինանսական խախտումների ձեռագիրը, ինչպես բացատրեց Կամո Արեյանը, նույնն է. տնօրեններն իրենց դպրոցների աշակերտության թվի վերաբերյալ ուռճացած տվյալներ են ներկայացրել, ըստ որոնց, ընդունված կարգով կատարվում է բյուջետային ֆինանսավորումը:
Դպրոցական արդեն արմատացած արատներից ամենախոցելին շարունակում է մնալ ավարտական 10-րդ դասարաններում տիրող իրավիճակը: Կրկնուսույցների մոտ պարապող աշակերտների համար կանոնավոր դպրոց հաճախելը մեծ խնդիր եւ ուսուցիչների ու ծնողների միջեւ փոխադարձ գործարքների պատճառ է դարձել: Երբեմն էլ աշակերտների «փոխանցում» է կատարվում մի դպրոցից մեկ ուրիշը, որի տնօրենն ավելի բարյացակամ է բացակայությունների նկատմամբ:
Ընդհանրապես, 10-րդ դասարաններում տիրող բարքերը քաղաքապետարանը մտադիր է առնել իր հսկողության տակ: Վերահսկվելու են, օրինակ, ատեստատների, վկայականների բաշխումն ու հաշվառումը, քանի որ այս գործընթացում առուվաճառքի դեպքերը ոչ մեկի համար նորություն չեն:
Հիշեցնենք, որ 2 շաբաթ առաջ խորհրդարանը դպրոցներում տեսչական ստուգումներ անցկացնելու օրենքի նախագիծ էր քննարկում: Այն դեռ վերջնական տեսքի չի բերվել, բայց հավանաբար այդ կառույցը կներդրվի կրթական աշխարհում: Քաղաքապետարանի հատուկ հանձնաժողովը թերեւս արդեն իրականացնում է այդ առաքելությունը:
Իսկ ինչպե՞ս են մտադիր պայքարել ծնողների նյարդերը կաթվածահար արած ու բոլոր դպրոցները համակած դրամահավաքության դեմ:
«Դրա ժամանակն էլ կգա, մենք դպրոցներում կենդանի վերահսկում իրականացնելուն էլ կգնանք,- խոստացավ փոխքաղաքապետը,- առ այսօր որեւէ պաշտոնական հրահանգով, որեւէ որոշմամբ որեւէ տնօրենի իրավունք չի տրվում դրամահավաք կազմակերպել դպրոցում»:
Բազմիցս է ասվել եւ էլի պիտի ասվի, որ այս բոլոր վերահսկողական նախաձեռնությունները ոչինչ են, քանի դեռ չեն լուծվել ուսուցիչների սոցիալական խնդիրները, եւ դպրոցն իսկապես կրթարան չի դարձել: Այդ դեպքում ոչ շաբաթը մեկ դրամահավաք կլինի, ոչ էլ աշակերտները հարկադրված կդիմեն «թանկարժեք» կրկնուսույցների օգնությանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ