Ապրիլի 10-ի նամակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիմել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին (պաշտոնաթող գեներալ Օրհան Թանը թեկուզ ուշացումով, այնուամենայնիվ, ինտերնետի միջոցով բարեհաճեց «Ազգի» խմբագրություն ուղարկել վարչապետի նամակի տեքստը): Ապրիլի 26-ին Քոչարյանը պատասխանեց էրդողանի նամակին: Թվում էր, թե հայ-թուրքական հարաբերությունների համար նամակափոխանակության շնորհիվ ստեղծված բարենպաստ մթնոլորտը կհանգեցնի երկու երկրների ղեկավարների հանդիպմանը Եվրոխորհրդի երրորդ գագաթաժողովում, որը մայիսի 16-17-ը գումարվել է Վարշավայում:
Սակայն գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթին թուրքական կողմի հիվանդագին արձագանքը, թե «նա Անկարային կարգի հրավիրելու, իսկ Թուրքիային անկյուն խցկելու հաշվարկներ է անում», գերազանցեց բոլոր ենթադրությունները: Էրդողանը, որ մինչ այդ Քոչարյանի հետ հանդիպելու պատրաստակամություն էր հայտնում, վերոհիշյալ ելույթից հետո մայիսի 16-ի «չծրագրված մամուլի ասուլիսում» դրա առթիվ «հիասթափություն» արտահայտեց, իսկ մայիսի 17-ին գագաթաժողովի իր ելույթը թուրքական թերթերի վկայությամբ ամբողջովին վերակառուցեց, որ «պատասխանի Քոչարյանին»:
Այլ կերպ, Վարշավայում Թուրքիայի վարչապետը ՀՀ նախագահի հետ հանդիպելու փոխարեն նախընտրեց արձագանքել նրա ելույթին: Մինչդեռ նախքան ելույթը թուրքական կողմը պետք է պաշտոնապես արձագանքեր Քոչարյանի ապրիլի 26-ի նամակին, որն առ այսօր անարձագանք է մնում: Ավելին, «Զաման» թերթը մայիսի 31-ի համարում «Եթե Երեւանն ընդառաջ քայլ չկատարի, ապա Քոչարյանին երկրորդ նամակ չի ուղարկվելու» խորագրով գրում է. «Երեւանի ակնկալիքներին չհամապատասխանող մոտեցման պատճառով ձախողվում է այսպես կոչված ցեղասպանության բանավեճերի թեժացումից հետո Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սկզբնավորված նամակագրությունը: Այս պայմանների առկայության դեպքում Անկարան չի արձագանքելու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակին: Թեեւ «1915 թ. իրադարձությունները պատմաբանների եւ այլ մասնագետների ուսումնասիրությանը հանձնելու» վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկին «Քոչարյանի նախ դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատել, ապա նոր բոլոր հարցերը քննարկել միջկառավարական հանձնաժողովում» ձեւակերպման պատասխանը հեռու էր Անկարային լիովին բավարարելուց, բայց եւ այնպես նա դրան մոտեցել էր «դրականորեն»: Սակայն անցած մեկ ամսում Երեւանը զերծ է մնացել ակնկալվող մոտեցման ցուցաբերումից: Էրդողանի հետ Քոչարյանի հանդիպման ձախողումը Վարշավայում, ինչպես նաեւ Եվրոխորհրդի գագաթաժողովում Հայաստանի նախագահի կոշտ դիրքորոշումը խիստ դժվարացրել է խնդրո առարկա նամակին արձագանքելը»:
«Զամանի» վկայությամբ, դիվանագիտական շրջանակները դժգոհում են, որ «Երեւանից Ստամբուլ թռիչքներ են կատարվում, իսկ Վրաստանի տարածքովՙ բեռնափոխադրումներ Հայաստան, այդ ընթացքում հազարավոր հայաստանցիներ աշխատում են Թուրքիայում, սակայն հայկական իշխանություններն այս ամենի մասին չեն իրազեկում իրենց ժողովրդին»:
Ինչպես նշում է «Զամանը», այդ շրջանակներն ընդգծում են. «Վերջերս Երեւանից Անկարա հասած միակ դրական լուրը Կարսի պայմանագրի առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետեւյալ հայտարարությունն էր. «Քանի դեռ նորերը չեն ստորագրվել, ապա ուժի մեջ են համարվում ԽՍՀՄ-ի ստորագրած բոլոր պայմանագրերը»: Անկարան ցանկանում է, որ ՀՀ արտգործնախարարության կայքէջում տեղ գտած այս արտահայտությունը «պաշտոնական ճանապարհներով» հասցվի իրեն»:
«Զամանի» այս հրապարակումը պետք է համարել յուրատեսակ ազդանշան: Չի բացառվում, որ դա Հայաստանում տրամադրություններ շոշափելու նպատակ հետապնդի նաեւ: Այնուամենայնիվ, ազդանշանով տրամադրություններ շոշափելը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ եթե ոչ դիվանագիտական հարաբերություններ, ապա գոնե միջպետական շփումներ հաստատելն Անկարայի օրակարգում է: Այլապես Թուրքիայում անընդմեջ չէր վերարծարծվի վարչապետ Էրդողանի նամակին նախագահ Քոչարյանի պատասխանը, թուրքական թերթերն անընդմեջ չէին անդրադառնա Եվրոխորհրդի գագաթաժողովում ՀՀ նախագահի ելույթին, ոչ էլ անընդմեջ կգրեին Քոչարյան-Էրդողան չկայացած հանդիպման մասին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ