Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթում տպագրած հոդվածում չի բացառել իր վաղաժամկետ պաշտոնաթողության հնարավորությունը: Աշխարհի բարեփոխիչներին հասցեագրված հրապարակման մեջ Սաակաշվիլին խոստովանում է, որ Վրաստանում իր վարկանիշը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, եւ որ կառավարության բարեփոխումներից երկրի բնակչության դժգոհությունը կարող է պաշտոնաթողության ազդակ դառնալ:
«Բարեփոխիչները պետք է համակերպվեն այն մտքին, որ ընտրողները վաղ թե ուշ կհիասթափվեն իրենցից, եւ իրենք ստիպված կլինեն ժողովրդի կամքով թողնել պաշտոնները», գրում է Սաակաշվիլին:
Վրաստանի «Գորբի» սոցիոլոգիական հիմնադրամի անցկացրած հարցման համաձայն, տարեսկզբին նախագահի վարկանիշը եղել է 82 տոկոս, բայց ներկայումս իջել է 60-ի, իսկ կառավարող «Միասնական ազգային շարժման» վարկանիշը 64-ից իջել է 28 տոկոսի:
«Վարդերի հեղափոխությունից» հետո գործազուրկների թիվն աճել է, բնակչության սոցիալ-տնտեսական պայմաններըՙ վատթարացել: Պաշտոնական տվյալներով, գործազուրկները կազմում են աշխատունակ բնակչության 20 տոկոսը: Իրականում մարդիկ հազվադեպ են գրանցվում աշխատանքի բորսայում: Դժգոհության մյուս կարեւոր պատճառն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ բանակցությունների ակնհայտ տեղապտույտն է:
Փորձագետները Սաակաշվիլու հոդվածը համարում են Արեւմուտքին ուղղված կոչ, որտեղ նույնպես նրա ժողովրդականությունն անշեղորեն նվազում է:
Պ. Ք.