Հայտարարում են Ռուսաստանը եւ Վրաստանը, իսկ Հայաստանն իրեն դրել է «ֆորպոստի» տեղ
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Վրաստանի արտգործնախարարն, ըստ «Նովոստի» գործակալության, չի բացառել, որ Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ ռազմակայանի տեխնիկայի մի մասը կտեղափոխվի Հայաստան: «Մենք արել ենք հնարավորը, որպեսզի զինամթերքի հիմնական մասը տեղափոխվի Ռուսաստան: Սակայն մենք չենք բացառում, որ տեխնիկայի մի մասը վերաբաշխվի Հայաստանի տարածքում, որտեղ արդեն կան համապատասխան ենթակառուցվածքներ», ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: Ավելի վաղ արտգործնախարարը BBC-ին տված հարցազրույցում նշել էր սպառազինության մի մասը Հայաստան տեղափոխելու հավանականությունը, ընդսմին հավելելով, որ Վրաստանին Հայաստանից որեւէ վտանգ չի սպառնում:
Մայիսի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, ըստ որի Բաթումի 12-րդ եւ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմակայանները 2008 թ. ընթացքում պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Վրաստանի տարածքից: Կողմերը համաձայնել են, որ ռազմակայանների դուրսբերումը սկսվի այս տարվա կեսերից, ընդ որումՙ նախ դուրս է բերվելու Ախալքալաքի ռազմակայանը, ապաՙ Բաթումինը: Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը Ախալքալաքից դուրս կբերվի 40 միավոր զրահատեխնիկա, այդ թվումՙ 20 տանկ: 2006 թ. վերջին Ախալքալաքից դուրս է բերվելու ծանր տեխնիկան ամբողջությամբ, իսկ 2007 թ. հոկտեմբերի 1-ին ռազմակայանը փակվելու է վերջնականապես:
Ռուս-վրացական համաձայնությունը շատերի համար անսպասելի էր: Վրաստանի նախագահն իրադարձությունը որակել է «պատմական»: Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ստորագրման պահիցՙ մայիսի 30-ից «ռազմակայանները դադարեցնում են իրենց գործունեությունն ըստ նշանակության»: «Իզվեստիա» թերթը նկատում է, որ մինչեւ ռազմակայանների դուրսբերումը դրանք վերածվում են ռուսական ունեցվածքի պահասենյակների:
«Կոմերսանտ» թերթը գրում է, որ մինչեւ 2008 թ. վերջը պետք է ամբողջությամբ դուրս բերվի Բաթումի ռազմակայանը, որտեղ պահվող սպառազինությունը նավերով է դուրսբերվելու, մինչդեռ Ախալքալաքի ռազմական տեխնիկանՙ «տրեյլերներով» Գյումրու ռուսական ռազմակայան: Մայիսի 23-ին Վլադիմիր Պուտինն, ըստ Ինտերֆաքսի, ասել էր. «Մենք պետք է ստեղծենք համապատասխան պայմաններ մեր զորքերի դուրսբերման համար, լինի դա Ռուսաստանի տարածքում կամ այլ վայրում»:
Ակնհայտորեն «այլ վայր» ասելով, Պուտինը նկատի ուներ Հայաստանը: Ավելի վաղ, մայիսի 19-ին ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուեւսկին ասել էր, որ Վրաստանի ռուսական ռազմակայանների ծանր տեխնիկայի մի մասը վերատեղաբաշխվելու է Հայաստանում: Երեւանում գտնվող ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը պատասխանելով Վրաստանից դուրսբերվող ռուսական ռազմակայանների տեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու հարցինՙ ասել է. «Դա բարդ հարց է եւ, անշուշտ, այն հարցերից է, որը պետք է նախ եւ առաջ քննարկվի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ: Սակայն կան ասպեկտներ, որոնք ավելորդ չէ քննարկել նաեւ մեր այլ հարեւանների հետ»:
Մեդվեդեւի վերոնշյալ որակումն այլ կերպ, քան վիրավորական ինքնիշխան պետության հասցեին, չես անվանի: Տեսե՛ք, թե ինչ է ստացվում. Ռուսաստանը ծանր տեխնիկայի, ավելի ճիշտՙ խորհրդային ժամանակների ժանգոտած եւ հնամաշ զենքը Վրաստանից պատրաստվում է տեղափոխել Հայաստան եւ դա համարում է նախ եւ առաջ խնդիր Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ: Ինչ վերաբերում է Մեդվեդեւի «մեր այլ հարեւաններ» ձեւակերպմանը, ապա դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որը բացառապես քարոզչական նպատակներից ելնելով, ամենաբարձր մակարդակով աղմուկ-աղաղակ է բարձրացրել, թե Մոսկվան շարունակում է զինել ագրեսոր Հայաստանին:
Մինչդեռ պաշտոնական Երեւանը Վրաստանի տարածքից ռուսական ռազմական տեխնիկայիՙ Գյումրի տեղափոխելու հավանականության հարցի առնչությամբ լռում է: Այս դեպքում լռությունը ոչ միայն համաձայնության նշան է, այլեւ կարելի է մեկնաբանել հետեւյալ կերպ. Ռուսաստանը Հայաստանի տարածքը ռազմական նպատակներով օգտագործում է ելնելով իր ցանկություններից, կամայականորեն, կամ Հայաստանը ողջունում է ռուսական հնացած, ծանր տեխնիկայի եւս մի մասի տեղակայումն իր տարածքում: Առավել հավանականն առաջին տարբերակն է: Անշուշտ, Հայաստանի անվտանգության առումով Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կարեւորագույն բաղադրատարրերից է: Մյուս կողմից, ակնհայտորեն Մոսկվան չարաշահում է հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն կոչվող իրականությունըՙ իր համար արտոնյալ պայմաններով:
Ռուսաստանի ռազմական ներկայությունն Անդրկովկասում
Ռուսաստանի ռազմական ներկայությունն Անդրկովկասում ունի ավելի քան 200-ամյա պատմություն: Այսօր Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության միակ օբյեկտը երկրի հյուսիսում գտնվող Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանն է, որը թղթի վրա չի անվանվում ռազմական, այլՙ տեղեկատվական: Ադրբեջանի օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա ռազմական որեւէ ներկայություն երկրի տարածքում:
Մայիսի 30-ին ստորագրված համատեղ հայտարարության համաձայն, Մոսկվան Վրաստանի տարածքից 2008 թ. ընթացքում պարտավորվում է դուրս բերել ունեցած-չունեցածը: Դրանք են. Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռազմակայանները, Թբիլիսիում տեղակայված ռուսական զորքերի անդրկովկասյան խմբի հրամանատարությունը (ՌԶԱԽՀ), ինչպես նաեւ Մցխեթ քաղաքում գտնվող ՌԶԱԽՀ-ի պահեստային հրամանատարական կետը եւ Սագարեջո քաղաքում տեղակայված ռուսական ինժեներական պահեստը:
Ըստ ռուսական մամուլի, այսօր Ռուսաստանը Վրաստանում ունի մոտ 3 հազար զինվորական, 115 տանկ, 220 զրահամեքենա, 170 հրետանային կայանք: Բացի այդ Աբխազիայում, վրաց-աբխազական շփման գծումՙ Ինգու գետի երկայնքով խաղաղապահ առաքելություն են իրականացնում ԱՊՀ մանդատը կրող մոտ 1700 ռուս սահմանապահներ: Իսկ Հարավային Օսիայում խաղաղապահ խառն առաքելության կազմում եւս ներգրավված են ռուս զինվորականներ:
Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հիմնական օբյեկտը Գյումրու 102-րդ ռազմակայանն է: Ըստ արտասահմանյան մամուլի հրապարակումների, Ռուսաստանը Հայաստանում ունի մոտ 3500 զինվորական, 74 մարտական հրասայլ, 238 զրահամեքենա եւ անձնակազմ տեղափոխող մեքենա, 84 հրետանային կայանք, ՄԻԳ-29 տեսակի 18 կործանիչ: Բացի այդ, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների երկայնքով տեղակայված են ռուս եւ հայ սահմանապահներըՙ 50/50 հարաբերակցությամբ: