Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տայոմիոյան, ըստ «Զաման» թերթի, հայտարարել է, թե Եվրոմիության սահմանադրությանն իրենց «ոչ»-ով ֆրանսիացիներն առաջին հերթին մերժեցին Թուրքիային: Իր հերթին, ըստ «Ազատության», Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Անգելա Մերկելը նշել է, որ ԵՄ սահմանադրության ընդունման հարցով Ֆրանսիայում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը խոսում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում իր ղեկավարած կուսակցության ճիշտ դիրքորոշման մասին:
ԵՄ սահմանադրության հեղինակներից մեկըՙ Բելգիայի նախկին վարչապետ Ժան-Լյուկ Դեենը չի բացառել ԵՄ ընդլայնման դադարեցումը, եթե ֆրանսիացիների նման հոլանդացիները եւս «ոչ» ասեն հունիսի 1-ի հանրաքվեում: «Իրոք, գոյություն ունի նոր անդամների ընդլայնման կտրուկ դադարեցման վտանգ, քանի որ նաեւ ընդլայնման հետ է կապված եվրոսահմանադրությունը մերժողների բացասական վերաբերմունքը», նշել է Դեենը: